Ոչ վաղ անցյալում մենք ինքներս էլ առերեսվել ենք մեր տարածաշրջանում օտարերկրյա ահաբեկիչների առկայությանը։ Այսօր ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվող հեռավար նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Ղազախստանի իրադարձությունները համեմատելով 2020թ–ին Հայաստանի սահմաններին տիրող իրադրության հետ։
«Ղազախստանում ստեղծված իրավիճակը հատկապես մտահոգիչ է միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավվածության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման տեսանկյունից: Ոչ վաղ անցյալում մենք ինքներս բախվել ենք մեր տարածաշրջանում օտարերկրյա ահաբեկիչների հայտնվելուն»,- ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը փաստեց, որ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության նվազում չկա, և մասնակից պետությունները շարունակում են բախվել նոր տեսակի սպառնալիքների։ Այսպիսով, Փաշինյանը փաստացի հիշեցրեց 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիայի կողմից արմատականների զանգվածային տեղափոխումը Մերձավոր Արևելքից Արցախ։
ՀՀ վարչապետըհույս հայտնեց, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում բարեկամ Ղազախստանին աջակցելու ջանքերը կօգնեն կարճ ժամանակում վերականգնել երկրի բնականոն կյանքը։ Անդրադառնալով կազմակերպությունում Հայաստանի ներկայիս նախագահությանը՝ ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծեց, որ Երևանը հատուկ ուշադրություն է դարձնում ճգնաժամային արձագանքման մեխանիզմների ամրապնդմանը։
«Մենք ակնկալում ենք, որ ՀԱՊԿ անդամ երկրները կմեկտեղեն ջանքերը՝ ճգնաժամային արձագանքման մեխանիզմներն էլ ավելի կատարելագործելու համար»,- ասաց նա։
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։