Ինչու 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ամեն ինչ սխալ գնաց. չենք կարողանում ուշքի գալ, չենք կարողանում փակել պատերազմի էջը, չենք կարողանում մտնել հետպատերազմյան փուլ և սկսել վերականգնումը։
Մենք այդպես էլ չհասկացանք ու չձևակերպեցինք, որ ամենասարսափելի ու ողբերգական օրը ոչ թե նոյեմբերի 9-ն էր, այլ՝ սեպտեմբերի 27-ը։ Սա անկյունաքարային հարց է։ Եթե մեր քաղաքական և հավաքական միտքը սա հասկանար, ապա նոյեմբերի 9-ից հետո մեր քաղաքական բանաձևերը, կարգախոսները, նախընտրական բովանդակությունը կլիներ լրիվ ուրիշ, և իշխանությունը վաղուց փոխված կլիներ։
Նոյեմբերի 9-ից հետո հականիկոլական հարթակները պայքարի թիրախ էին սարքել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը՝ դրանով չհասկացված լինելով ոչ հասարակության լայն շերտերի մոտ, ոչ՝ Ռուսաստանի։ Ստեղծվեց սխալ տպավորություն, թե ընդդիմությունը խաղաղությանը դեմ է, իսկ միջնորդները ընդհանրապես չէին հասկանում, թե ինչ է ուզում ընդդիմությունը։