Մեկնարկել է Արցախի և ՀՀ դպրոցականների շախմատի 16-րդ օլիմպիադայի հանրապետական փուլը

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Ստեփանակերտի Շախմատի մարզադպրոցում մեկնարկել է Արցախի և ՀՀ դպրոցականների շախմատի 16-րդ օլիմպիադայի հանրապետական փուլը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ ԿԳՄՍ նախարարության կրթության պետական տեսչության նախնական մասնագիտական, արհեստագործական և նախադպրոցական կրթության տեսչավորման բաժնի վարիչ, ավագ պետական տեսուչ, շախմատի գծով գլխավոր մասնագետ Բեհմուդ Մելքումյանը նշել է, որ դպրոցականների շախմատային մրցապայքարը  կտևի երկու օր:

«Մասնակցում են  քաղաքային և շրջանային փուլերում հաղթած թիմերը՝  Ստեփանակերտի,  Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի մինչև 14 տարեկան դպրոցականների ընդգրկմամբ: Յուրաքանչյուր թիմ բաղկացած է 4 մասնակցից:  Լավագույն արդյունք ցուցաբերած թիմը  կմասնակցի  Հայաստանի Հանրապետությունում կայանալիք եզրափակիչ փուլին, որի հաղթողն  էլ՝   Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք միջազգային մրցաշարին»,-նշել է Բ.Մելքումյանը:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն վաղը՝ հոկտեմբերի 7-ին:

Մրցանակային տեղեր գրաված թիմերը կստանան մեդալներ, պատվոգրեր և դրամական պարգևներ, իսկ հաղթողը նաև գավաթ: