Մատաղիսի զորամասի հրամանատար Սևակ Աբրահամյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը

44-օրյա պատերազմի  ժամանակ մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու մեջ մեղադրվող Մատաղիսի զորամասի հրամանատար Սեւակ Աբրահամյանը չի ընդունում իրեն  առաջադրված մեղադրանքը: NEWS.am-ի հետ զրույցում  նրա փաստաբանը` Հովհաննես Վարդանյանն ասել է, որ իրենք պատրաստվում են նաեւ բողոքարկել նախկին հրամանատարին 2 մասով կալանավորելու դատարանի որոշումը:

«Սեւակ Աբրահամյանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, ինքն իր առջեւ դրված պարտականնությունները կատարել է պատշաճ կերպով ըստ իր հայտնածի, ոը դեռ վարույթն իրականացնող մարմինը պարտադիր քննության առարկա կդարձնի ու պետք է մանրամասն ուսումնասիրության ենթարկի: Սա առաջին դեպքը չի մեր հանրապետությունում, երբ գործի բնույթը իր հնչեղությամբ, իր նկարագրական մասով կարող է շատերի մոտ ատելություն առաջացնել, թշնամանք, բացասական զգացողություն, բայց անկախ ամեն ինչից  պետք է հարգել անմեղության կանխավարկածը,  հարգանքով մոտենանք էս ինստիտուտի նկատմամբ  ու սպասենք քննության ավարտին, որից  հետո նոր պարզ կլինի` պաշտպանյալս մեղավորություն ուներ, թե ոչ»,-ասել է նա:

Փաստաբանը անդրադարձել է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում նկարագրվող պատերազմի նախորդ օրը տեղի ունեցած միջոցառմանը, որը ՔԿ-ն նկարագրել էր, որպես խնջույք-հացկերույթ:

«Սեպտեմբերի 26-ին երեկոյան ժամին միջոցառում է կազմակերպվել, որը ինչ-որ տեղ ավելի շուտ նպատակ ուներ բարձրացնել սպաների  մարտական-բարոյահոգեբանական մթնոլորտը, քաջալերել, կտրել մի փոքր ծառայողական  խնդիրներից, բայց էդ ամեն ինչը չի վերախծվել գինարբուքի կամ  հարբեցողության, ամեն ինչ վերահսկվել է հենց հրամանատարի կողմից եւ երեկոյան ժամերին միջոցառումը ավարտվել է, իսկ թշնամու հարձակումը եղել է առավոտյան ժամերին»,- ասել է նա: