Մարդ չկա, քանդված, փլատակ, ամայի տարածքներ հիշեցնող գյուղեր են․ Վահե Ղալումյանը՝ Տավուշի գյուղերի մասին

«Թեեւ իշխանությունները հույժ գաղտնի են պահում ստորագրվելիք փաստաթղթի իրական բովանդակությունը, թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ իմքայլական պատգամավորներից ոմանք արդեն հող են նախապատրաստում զիջումների գնալու համար եւ հայտարարում են, որ Տավուշում ադրբեջանական տարածքներ կան մեր տնօրինության տակ։ Նախօրեին Փաշինյանի քավոր, պատգամավոր Վահե Ղալումյանն անգամ թվարկեց այդ համայնքները։ «Բարխուդարլու, Սոֆուլու, Խեյրիմլի, Ոսկեպար․ քարտեզով սրանք ադրբեջանական տարածքներ են»,- ասել էր ծնունդով իջեւանցի պատգամավորը։


Երեկ նա մեզ հետ զրույցում փորձեց խմբագրել իր աղմուկ հանած հայտարարությունը՝ ասելով, թե նշել է նաեւ, որ մեր «բազմաթիվ» տարածքներ Ադրբեջանի վերահսկողության տակ են, եւ ինքը չի ասել, թե իր թվարկած համայնքները հանձնելու են հակառակորդին, պարզապես նշել է, որ ադրբեջանական են։ Հարցին՝ դուք հիմա Ադրբեջանի՞ շահերն եք պաշտպանում, թե՞ Հայաստանի։ Նա կրկնեց, որ քարտեզով դա է իրականությունը։ «Ես ուրիշ քարտեզ չունեմ, Դուք ունե՞ք, այդ գյուղերը գնացե՞լ եք, տեսե՞լ եք»,- վրդովվեց նա։

Պատգամավորն ավելի հեռուն գնաց՝ նշելով, որ այդ գյուղերը բնակեցված չեն․ «Բացարձակապես մարդ չկա, քանդված, փլատակ, ամայի տարածքներ հիշեցնող գյուղեր են։ Դրա փոխարեն մենք ունենք Բերքաբերից հսկա տարածք իրենց մոտ, Կոթի գյուղից, Բերդի տարածաշրջանից»։

Առարկեցի՝ ես գիտեմ, որ Այգեպարը բավականին ծաղկուն գյուղ է, բնակեցված։ «Չէ, ես Այգեպարի անունը չեմ տվել»,- ասաց նա՝ Ոսկեպարի մասին եմ խոսել․ «Ոսկեպար, թե Ոսկեփուռ, ժողովրդի մեջ էդպես էր ընդունված»։ Նկատեցինք, որ եթե անգամ բնակեցված չեն, անվտանգության գոտի են ծառայում, բացի այդ՝ եթե հանձնելու ենք, իսկ նրանք մեր տարածքները հե՞տ են վերադարձնելու, օրինակ՝ Արծվաշենը։ «Նախ եկեք պայմանավորվենք, որ չենք հանձնելու»։ Լավ, վերադարձնելու եք։ «Չենք վերադարձնելու»։ Փոխանակելո՞ւ եք մեր՝ իրենց վերահսկողության տակ գտնվող համայնքների հետ։ «Չենք էլ փոխանակելու, հանձնաժողովի աշխատանքների արդյունքում է որոշվելու՝ սահմանը որտեղով կանցնի։ Մենք մի ձեւով պիտի հասնենք երկարաժամկետ խաղաղության, որի ժամանակ հարյուրավոր անմշակ հեկտարներ ունենք, որ մարդիկ կմշակեն, հիմա իրենց նշանառության տակ են»։ Այսինքն՝ մտածում եք, որ 44-օրյա պատերազմից հետո հայն ու ադրբեջանցին կարող են կողք-կողքի խաղաղ գոյակցե՞լ։ «Մենք ուրիշ տարբերակ չունենք, մենք հարեւաններ ենք, խաղաղ ապրելն էլ մեր գործողություններից է կախված, պիտի էս կնճռոտ հարցերը հարթեն, որ խաղաղ լինի»։ Իսկ մենք ի՞նչ գործողություն էինք արել, որ եկել զավթել են Սեւ լիճը։ «Ոնց եկել են, այնպես էլ գնում են, արդեն կեսը վերադարձել են, խելոք են՝ մյուս կեսն էլ կգնա»։ Ինչպե՞ս։ «Բանակցություններով»։ Իսկ թե ով եւ ինչ է բանակցում, ու ինչի դիմաց են իբր նահանջել, Ղալումյանը չցանկացավ գաղտնազերծել։ Բայց վստահեցրեց, որ ՀՀ սահմաններին տիրող իրավիճակը չի ազդել իշխանության վարկանիշի վրա, որ առաջիկա ընտրություններին 50+1 տոկոս են հավաքելու»։