Մամ, ես ապրում եմ․․․ Հերոս Արսեն Դավթյանը կդառնար 31 տարեկան


Սեպտեմբերի 23-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սմբատ Բյուրատի անվան դպրոցի բակում տեղի ունեցավ արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Արսեն Դավթյանի հիշատակն անմահացնող խաչքարի և հուշաղբյուրի բացումը։ 


Արսենը կդառար 31 տարեկան։  Քաջ ու անվախ ավագ սերժանտը թեժ մարտերի ժամանակ անձնական օրինակով ոգեշնչել է իր ստորաբաժանման մարտիկներին, քաջալերել է զինծառայողներին: Ծանր կռվի ընթացքում անգամ վստահություն և խիզախություն է ներշնչել իր զինվորներին։ Վիրավոր ընկերներին հանել է գնդակոծված վտանգավոր վայրերից։ Դասակի հրամանատարի զոհվելուց հետո անգամ չի կորցրել վճռականությունը և ցուցաբերել է մարտավարական հնարամտություն՝ անընդհատ փոխելով իր կրակային դիրքը․․․ թշնամուն պատճառել է բազմաթիվ մարդկային կորուսներ։ Մինչև վերջ պայքարել է անհավասար կռվում և 2020 թ-ի հոկտեմբերի 15-ին հերոսաբար ընկել Հադրութի համար մղվող մարտում։ 


Արսենի մայրը՝ տիկին Ամալյան, որդու զոհվելուց հետո գիրք է գրել, որի մեջ տեղ են գտել որդու մասին պատմող անգին հուշերը։ Գրքում մայրը պատմում է Արսենի մանկության, ծառայության, հայրենասիրության և ուժեղ տեսակի մասին․

«Արսենը շատ ընկերասեր էր, հոգատար: Միշտ ուրիշի կարիքները դնում էր իր կարիքներից առաջ ու բոլորին փորձում օգնել ինչով կկարողանար: Մարդկանց շատ շուտ էր նվիրվում և ծանր էր տանում դավաճանությունը: Երբ Արցախում աշխատում էր որպես պայմանագրային զինծառայող, ամեն օր զանգում էր, խոսում, հիշում էր բոլորիս ծննդյան օրերն ու նվերներ ուղարկում։ Թեև այդքան հեռավորության վրա էր, փորձում էր իր ուշադրությամբ, պարբերաբար զանգերով չեզոքացնել այդ հեռավորությունը, զգացնել տալ, որ մեզ հետ է: Հայրենիքն ամենից շատ էր սիրում: Քաջաբար Արցախյան քառօրյա պատերազմին էր մասնակցել, վիրավորում ստացել ու մեզ դրա մասին ոչինչ չէր ասել: Երբ 44-օրյա պատերազմը սկսեց անհամբեր սպասում էր, թե իրեն երբ պետք է հավաքագրեն: Զանգեցին զինկոմիսարիատից՝ աշխատանքից անմիջապես տուն եկավ: Խնդրեց, որ օգնեմ դասավորել պայուսակը: Առաջին անհրաժեշտության իրեր վերցրեց ու դուրս վազեց: Նույնիսկ հրաժեշտ չհասցրեց տալ: Անմիջապես գնաց միանալու զինակից ընկերներին»: 



Արսենի մասին հուշերով կիսվեց զորամասի հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ Վահան Ստեփանյանը, ում սրտում Արսենը դաջվել է որպես անվախ ու հայրենասեր մարտիկ։ 



Զինակից ընկերները պատմում են․  

«Կռվի ամենաթեժ պահին վիրավոր ընկերոջը իջեցրեց «Թութակներ» կոչվող սարից և վերադարձավ մարտի դաշտ։ Երբ արդեն ակնհայտ էր, որ հակառակորդի առաջխաղացումն անխուսափելի է, լսվեց հրամանատարի հրամանը․ «Նահանջե՛ք․ ես ձեր թիկունքը կպահեմ»։ Սակայն Արսենը, չենթարկվելով հրամանին, նետվեց առաջ և քաջաբար ընկավ հերոսի մահով»։ 

Հայրենիքի հանդեպ ցուցաբերած նվիրվածության, անձնազոհության, իր զինակից ընկերների նկատմամբ տածած հոգատարության, հայ զինվորին վայել հայրենանվիրման ու արիական վարքի, ինչպես նաև մարտի դաշտում դրսևորած խիզախության, զինվորական բարձր առաքինությունների և գիտակցված մահվան գնալու վճռականության համար Արսեն Անդրանիկի Դավթյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության և «Արիություն» մեդալներով:

Շնորհավոր երկնային ծնունդդ, Արսեն։ Քո սխրանքն անմահ է․․․ դու՛ անմահ ես, եղբայր․․․ Ու քանի կանք, անունդ պիտի բարձր ու վառ պահենք․․․ Ու քանի կանք, պիտի հպարտանանք, որ երբևէ ճանաչել ենք քեզ, որ երբևէ ապրել ենք նույն արևի տակ քեզ հետ, որ երբևէ մեր ոտքերը դիպչել են այն հողին, որի վրա քայլել ես դու, եղբայր․․․ և որը հիմա հարուտ է քեզնով․․․