87 տարեկանում մահացել է իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի ավագ դուստրը՝ Մայա Ռուիս-Պիկասոն, մահվան պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում։ Համապատասխան տեղեկությունը տարածել է Agence France-Presse-ը` հղում անելով ընտանիքի հայտարարությանը։
«Մայա Ռուիս-Պիկասոն մահացել է այսօր առավոտյան՝ 87 տարեկանում իր ընտանիքի շրջապատում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ռուիս-Պիկասոն ծնվել է Ֆրանսիայում 1935 թվականին և Իսպանիայի քաղաքացի է դարձել 2017 թվականին։ Մինչև տարեվերջ Փարիզի Պիկասոյի ազգային թանգարանում տեղի է ունենում մեծ նկարչի աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված հոր և դստեր հարաբերություններին։
1938 թվականին նկարիչը նրան նվիրեց «Մայան տիկնիկով» աշխատանքը, ինչպես նաև 1938 թվականի հունվարից մինչև 1939 թվականի հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում ևս 13 ստեղծագործություն։