Օգոստոսի 27-ի առավոտյան, ժամը 6:30-ին մոտ, 1-02 զանգած քաղաքացին հայտնել է, որ Օրբելի եղբայրների փողոցում երկու հոգի փորձում են կոտրել վճարային տերմինալը, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։
Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, նաև` պարեկային ծառայություն: Պարեկները, որոնք մոտակայքում ծառայության են եղել, հասել են նշված վայր: Նկատելով նրանց` երկու տղամարդիկ դիմել են փախուստի: Պարեկները հետապնդել են` այդ ընթացքում նախազգուշական երկու կրակոց արձակելով օդ: Շուտով հասել են նաև Արաբկիրի քրեական հետախույզները: Փախչողներից մեկը ձերբակալվել է և, գողություն կատարելու կասկածանքով, տեղափոխվել ոստիկանության Արաբկիրի բաժին: Կոտայքի մարզի Պտղնի գյուղի բնակիչ, 25-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ` ընդհանուր ավելի քան 23 գրամ դեղնականաչավուն զանգվածով:
Երիտասարդը ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նշանակվել է փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողության փորձի երկրորդ մասնակցի անձը ճշտելու, նրան հայտնաբերելու, նաև դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու ուղղությամբ: