Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը անընդունելի և դատապարտելի է․ ՄԻՊ
Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
Նա նաեւ նշել է. «Պաշտպանի աշխատակազմի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հեռախոսը վերադարձվել է Հայկ Ղազարյանին, որը, ստուգելով հեռախոսի պարունակությունը, հայտնել է, որ Ոստիկանության ծառայողը հեռախոսից ջնջել է հավաքի վերաբերյալ կատարված տեսաձայնագրությունները, որոնցում արձանագրված էին նաև նույն օրը Արցախի Հանրապետության դատախազության շենքի դիմացից  փաստաբաններին բերման ենթարկելու ժամանակ ոստիկանության ծառայողների գործողությունները: Հարկ է նշել, որ ոստիկանության համապատասխան ծառայողը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչին հայտնել է, որ ինքը չի իմացել, որ Հայկ Ղազարյանը լրագրող է, չի տեսել նրա տարբերակիչ նշանը, իսկ այդ մասին իմանալուն պես՝ անմիջապես ցուցում է տվել իր ծառայողներին՝ հեռախոսը վերադարձնել տիրոջը։
Հուլիսի 11-ին ՍիվիլՆեթ լրատվական կայքում հրապարակված «Արցախի ուժային կառույցներին հորդորում ենք չխոչընդոտել ՍիվիլՆեթի թղթակցի աշխատանքը» վերտառությամբ նյութում բարձրաձայվել է այն մասին, որ հուլիսի 10-ին ՍիվիլՆեթի լրագրող Հայկ Ղազարյանին հրավիրել են Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն, որտեղ և սպառնալիքներ են հնչեցրել լրագրողի հասցեին։
Մարդու իրավունքների պաշտպանը ընդգծում է. լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը խիստ անընդունելի և դատապարտելի է։
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից համապատասխան գրություններ կհասցեագրվեն Արցախի Հանրապետության գլխավոր դատախազություն և Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարություն՝ հավաքագրված նյութերի հետ միասին՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով»: