Նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության շուրջ և անդրադարձել տարածաշրջանային հարցերին։
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Էստոնիայի արտգործնախարար Էվա-Մարիա Լիիմեթսի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Երկուստեք վերահաստատվել է փոխադարձ պատրաստակամությունը՝ նոր խթան հաղորդելու երկու երկրների միջև համագործակցությանը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում։ Առանձնահատուկ նշանակություն է տրվել արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական շփումներին: Նախարարները կարևորել են նաև կրթական ոլորտում համագործակցության խորացումը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության շուրջ։ Այդ առումով ընդգծվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումը՝ ուղղված Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ոլորտներում բարեփոխումների իրականացմանը։ Քննարկվել են նաև Արևելյան գործընկերության ծրագրի զարգացման հեռանկարները։
Նախարարները անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի։ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակը՝ շեշտելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի լիարժեք վերսկսման կարևորությունը։
Միրզոյանը կարևորել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների դիրքորոշումն առ այն, որ ԼՂ հակամարտությունն իր համապարփակ կարգավորումը պետք է ստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանի զինված ուժերի կողմից մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներթափանցման և վերջերս իրականացված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությանը՝ կարևորելով միջազգային գործընկերների հասցեական արձագանքն՝ ուղղված տարածաշրջանում լարվածության նվազեցմանը:
Նշենք, որ Ստոկհոլմում մեկնարկել է ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ ԱԳՆ–ից Sputnik Արմենիային հայտնել են, որ չի բացառվում` արտգործնախարարների խորհրդի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպում կայանա։
Հիշեցնենք` նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Պաշտպանական գերատեսչությունն ավելի ուշ հայտարարեց, որ հայկական կողմը 2 մարտական դիրք է կորցրել, զինծառայողներ են գերեվարել, զոհեր ու վիրավորներ կան։ Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
Սոչիում նոյեմբերի 26–ին կայացավ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը։ Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց էր ունեցել Ալիևի հետ։ Բանակցությունները տևեցին երեք ժամ։ Եռակողմ հանդիպմանը հաջորդեց Պուտին–Փաշինյան առանձնազրույցը։ Բանակցությունների արդյունքում ստորագրվեց համատեղ հայտարարություն։ Հայտարարվեց, որ պայմանավորվել են մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման մեխանիզմներ ստեղծել, քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ։
Նշենք, որ Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հանդիպել նաև դեկտեմբերի 15-ին, Բրյուսելում, ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։