«Մեր տան ճրագը վառվեց». լույս աշխարհ է եկել 44-օրյայում անմահացած Գառնիկ Խաչատրյանի եղբայրը

Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում անմահացած Գառնիկ Խաչատրյանի եղբայրը, ինչի մասին ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը ռեպորտաժ է պատրաստել:

Գառնիկ Խաչատրյանը եղել է ընտանիքի միակ որդին, որին պատերազմում կորցնելուց հետո ամուսինները, անցնելով դժվարությունների միջով, կրկին արու զավակ են ունեցել:

«Հոգեկան  ապրումները ծանր էին, դրանց ուղեկցող առողջական խնդիրները նույնպես, բայց երեխա ունենալու որոշումն այլընտրանք չուներ», - անկեղծացել են ծնողները:

Փոքրիկն օրեր առաջ է լույս աշխարհ եկել, սակայն այս կարճ ժամանակում հիմնովին փոխել է ընտանեկան մթնոլորտը՝ իր հետ բերելով ապրելու նոր հույս ու լույս:

Նրան անվանակոչել են ի պատիվ եղբորը՝ Գառնիկ:

Գառնիկ Խաչատրյանը, ժամկետային զինծառայող էր, հետախույզ, հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: