Լեհաստանը 50 կմ պարիսպ է կառուցել Բելառուսի հետ սահմանին, եւ այն արդեն վնասվել է

Լեհաստանի իշխանություններն արդեն ավելի քան 50 կմ պարիսպ են կառուցել Բելառուսի հետ սահմանին, հայտնում է RMF24-ը։ Ընդ որում, լեհ սահմանապահներն արձանագրել են կառույցը վնասելու առաջին փորձերը։

Ըստ սահմանապահ ծառայության՝ մետաղյա ցանկապատի մի հատվածում մոտ 30 սմ լայնությամբ անցք է բացվել, իսկ մեկ այլ վայրում փորելու փորձ է կանխվել։ Իշխանությունները խոստովանել են, որ դա կարող էին անել բելառուս սահմանապահները կամ միգրանտները, հայտնում է RMF24-ը։

Լեհաստանի սահմանապահ ծառայությունը կարծում է, որ օբյեկտի շահագործումնավելի քիչ խնդրահարույց կլինի, երբ իշխանությունները տեսախցիկներ եւ շարժման սենսորներ տեղադրեն։

Ավելի վաղ Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարիուշ Կամինսկին հայտարարել էր, որ Բելառուսի հետ սահմանին լիարժեք պատնեշային կառույցների կառուցումը կավարտվի 2022 թվականի հունիսին։ Նա մանրամասնել է, որ կառույցի երկարությունը մոտ 180 կմ, իսկ պատերի բարձրությունն առնվազն 5.5 մ կլինի։

ԵՄ-Բելառուս սահմանին միգրացիոն ճգնաժամը սկսվել էր անցյալ ամառ այն բանից հետո, երբ բելառուսական իշխանությունները թուլացրին վերահսկողությունը փախստականների հոսքերի վրա՝ Արեւմուտքի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին: Իրավիճակը սրվեց նոյեմբերի 8-ին, երբ մոտ 3000 անօրինական ներգաղթյալ հայտնվեց լեհ-բելառուսական սահմանի մոտ։ Այդ մարդիկ եկել էին Մերձավոր Արեւելքից եւ Աֆրիկայից: Նրանք օրինականորեն թռել էին Բելառուս, ինչից հետո մեկնել էին Լեհաստան եւ Բալթյան երկրներ՝ ԵՄ մտնելու ակնկալիքով։