Լատվիայի և Լեհաստանի հետ կստորագրվեն առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման համաձայնագրեր

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 1-ի նիստում հավանություն տվեց  «ՀՀ կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկող արձանագրության ստորագրման առաջարկությանը:

Համաձայնագրի միջոցով պայմանավորվող կողմերը նախատեսում են փոխադարձության հիման վրա ստեղծել արագ և արդյունավետ իրավական ընթացակարգեր այն անձանց հայտնաբերման և անվտանգ ու կանոնակարգված վերադարձի համար, որոնք չեն բավարարում կամ այլևս չեն բավարարում Հայաստանի կամ Եվրոպական միության անդամ պետություններից մեկի տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու կամ բնակվելու համար պահանջներին, և դյուրացնելու այդպիսի անձանց տարանցումը: Հիմնավորման համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ռեադմիսիայի վերաբերյալ  երկկողմ  համաձայնագրեր  է  ստորագրել Եվրոպական  միության անդամ  10  պետությունների  հետ:

Այն հնարավորություն  է  տալիս  ԵՄ անդամ բոլոր պետությունների  հետ սահմանել և իրականացնել  միասնական ընթացակարգեր` կողմերի տարածքներում առանց թույլտվության բնակվող  անձանց  հետընդունման հարցերում: Ընդհանուր առմամբ, վերջին տարիներին նկատվում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև առանց թուլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրի շրջանակում ստացվող ռեադմիսիոն հայցերի թվի էական աճ:

Այսպես, եթե 2012-2017թթ-ին ստացվել են 1446 ռեադմսիոն հայցեր՝ 2812 անձանց մասին, ապա միայն 2018 թվականին  ստացվել են 1030 հայցեր՝ 2045 անձանց մասին, իսկ 2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ստացվել են 803 ռեադմսիոն հայցեր՝ 1647 անձանց մասին։ Հարկ է նշել, որ Լատվիայի Հանրապետությունից դեռևս ռեադմիսիոն հայցեր չեն ստացվել։

Հավանություն է տրվել նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև ՀՀ-ի և Եվրոպական Միության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» 2013 թ. ապրիլի 19-ին Բրյուսելում կնքված համաձայնագրի կիրարկման արձանագրության ստորագրման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝  Լեհաստանի Հանրապետությունից 2014-2019 թթ-ին ստացվել են 91 ռեադմիսիոն հայցեր՝ 130 անձանց վերաբերյալ։