Մահացել է Հարվարդի համալսարանում կրթված ամերիկացի մաթեմատիկոս Թեոդոր (Թեդ) Կաչինսկին, որն ավելի հայտնի է «Ունաբոմբեր» մականունով։ Այս մասին հայտնել է AP-ն՝ հղում անելով ԱՄՆ բանտերի դաշնային բյուրոյին։
Թեոդոր Կաչինսկին ցմահ է դատապարտվել 1998 թվականին՝ ավելի քան մեկ տասնամյակ համալսարաններ ու հետազոտական կենտրոններ ռումբեր ուղարկելու համար։
Կաչինսկուն մահացած են գտել Հյուսիսային Կարոլինայի Բուտներ քաղաքի Դաշնային բժշկական կենտրոնի խցում, որտեղ նրան տեղափոխել են 2021 թվականին՝ առողջական խնդիրների պատճառով։ Մահվան պատճառը դեռ պարզված չէ։ Նա 81 տարեկան էր։
Նախկինում Կաչինսկին Կոլորադոյի Ֆլորենցիայի մերձակա դաշնային բանտում է եղել։
Unabomber մականունը UN (University) և A (Airlines) տառերի համակցությունն է bomber (ռմբակոծիչ) բառի հետ։ Ըստ մեղադրանքի՝ 1978-ից 1995 թվականներին Կաչինսկին փոստով 16 ինքնաշեն ռումբ էր ուղարկել համալսարաններ ու հետազոտական կենտրոններ, որի հետևանքով զոհվել էր 3 մարդ, վիրավորվել՝ 23-ը: Նա իրեն մեղավոր էր ճանաչել ու խուսափել մահապատժից։ 1998 թվականին Կաչինսկին դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման։
Ունաբոմբերը հայտարարել էր, որ բողոքում է տեխնոլոգիական առաջընթացի դեմ, որը, նրա կարծիքով, նվազեցնում է մարդու ազատությունը։ Նա դրա պատասխանատվությունը դրել էր գիտնականների վրա: 1995 թվականին Կաչինսկին 35000 բառից բաղկացած էսսե էր ուղարկել Հետաքննության դաշնային բյուրո իր արշավի նպատակի մասին՝ «Արդյունաբերական հասարակությունն ու նրա ապագան» վերնագրով։ Կաչինսկին պահանջել էր, որ «մանիֆեստը» հրապարակվի The New York Times-ում ու The Washington Post-ում՝ սպառնալով, որ հակառակ դեպքում ռումբերի ծանրոցները կշարունակվեն։ Թերթերը տիպված էին եղել ենթարկվել ՀԴԲ-ի և ԱՄՆ արդարադատության նախարարության ղեկավարության առաջարկությանը։
AP-ն նշում է, որ հենց դա է հնարավորություն տվել բացահայտել Ունաբոմբերին՝ Կաչինսկու եղբոր՝ Դեյվիդի և նրա կնոջ՝ Լինդա Պատրիկի օգնությամբ։ 1995 թվականի ապրիլին Կաչինսկին ձերբակալվել էր Մոնտանայի իր տանը։