Կյանքից հեռացել է չեխ գրող Միլան Կունդերան

94 տարեկանում մահացել է չեխ-ֆրանսիացի գրող Միլան Կունդերան, որն առավել հայտնի է «Կեցության անտանելի թեթևությունը» գրքով:

Ինչպես հայտնում է euronews.com-ը, Միլան Կունդերան համարվում է ժամանակակից գրականության ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը, մեծագույն գնահատականի արժանացած մի շարք վեպերի և պատմվածքների հեղինակ է:

Քաղաքական հայացնքների համար Չեխոսլովակիայում հալածանքների ենթարկված Կունդերան 1975 տեղափոխվել է Ֆրանսիա և տարիներ անց սկսել է ֆրանսերեն գրել: Կունդերայի հարաբերությունները հայրենիքի հետ բարդ էին: Նույնիսկ «երկաթե վարագույրի» անկումից հետո նա հազվադեպ և գաղտնի էր վերադառնում Չեխիա։ 

Նրա վերջին գործերը, որոնք գրվել են ֆրանսերեն, երբեք չեն թարգմանվել չեխերեն։ «Կեցության անտանելի թեթևությունը» գիրքը, որը համաշխարհային ճանաչում է ստացել և էկրանավորվել 1988 թվականին, Չեխիայում լույս է տեսել միայն 2006 թվականին՝ «թավշյա հեղափոխությունից» 17 տարի անց։

2019 թվականին նա վերականգնել է քաղաքացիությունը: