Կյանքից հեռացել է աշխարհի ամենահայտնի դիզայներներից մեկը` Վիվյեն Վեսթվուդը

Լոնդոնում մահացել է աշխարհի ամենահայտնի դիզայներներից մեկը` Վիվյեն Վեսթվուդը, որն օգնել է պանկ նորաձևությունը ներմուծել կոմերցիոն մշակույթ, գրում է BBC-ն՝ մանրամասնելով, որ դիզայները 81 տարեկան էր:

Նրա ամուսին և գործընկեր Անդրեաս Քրոնթալերն ասել է, որ «Վիվյենը կմնա իր սրտում»:

«Մենք աշխատեցինք մինչև վերջ, և նա ինձ թողեց այնքան շատ բան, որ պետք է շարունակեմ»,- նշել է Քրոնթալերը:

Ուեսթվուդը հայտնի է դարձել 1970-ականներին և եղել է պանկ էսթետիկայի ստեղծողներից մեկը: Նրա ընկերը Մալքոլմ Մաքլարենն էր՝ ամենահայտնի պանկ խմբի՝ Sex Pistols-ի մենեջերը, որի երաժիշտները տեսախցիկների առաջ հայտնվում էին Ուեսթվուդի հագուստով։

Ավելի ուշ Վեսթվուդին հաջողվեց ստեղծել թանկարժեք հագուստ արտադրող համաշխարհային բրենդ։ Նա համարվում է 20-րդ դարի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկը։

Նա հայտնի էր որպես ակտիվիստ, և հաճախ էր քաղաքական հայտարարություններ անում և մասնակցում ցույցերին, այդ թվում՝ ի պաշտպանություն Ջուլիան Ասանժի կամ ընդդեմ օդի աղտոտվածության:

2006 թվականին նա թագուհի Եղիզաբեթ Երկրորդից ստացել է տիկնոջ կոչում՝ նորաձևության զարգացման գործում ունեցած ավանդի համար։