Կյանքից հեռացել է Աղավնոյում իր տունն այրած Արման Հայրապետյանը

Այսօր Գորիսում տեղի կունենա իր տունն Աղավնոյում այրած Արման Հայրապետյանի հուղարկավորությունը։ Նա մահացել է մեղվի խայթոցից։

Այս մասին Tert.am-ին հայտնեց Արման Հայրապետյանի ընկերը՝ Վարդգես Պետրոսյանը։

«Մեղուն խայթել է ուսի շրջանում, ինքն էլ ալերգիա է ունեցել։ Վատ է զգացել, մեքենայից իջել է, դրսում գետնին նստել է։ Ալերգիայի դեղը մոտն է եղել, բայց ուրիշին է տվել։  Ալերգիայի դեղ է խնդրել, բայց ոչ ոքի մոտ դեղ չի եղել։ Մարդիկ փորձել են օգնել,  շտապօգնություն են կանչել, սակայն, ուշ է եկել,  և չեն հասցրել կյանքը փրկել»,- պատմեց նա։

Հիշեցնենք, որ Արման Հայրապետյան այրել էր Աղավնոյի իր տունը, որ այն չմնա ադրբեջանցիներին:

Արցախի իշխանությունները զգուշացրել էին բնակիչներին, որ տունն այրելու դեպքում փոխհատուցում չեն ստանա։ Սակայն, Արմեն Հայրապետյանն իր տունը չի ցանկացել թողնել Ադրբեջանին։

«Ես բոլորի մոտ էլ ասել եմ՝ ուզում են թող փոխհատուցում էդ տասը միլիոնը չտան, ինձ դա պետք չէ, ինձ պետք է իմ սրբությունը, որ էս տանն իմ կինն է քնել, ես եմ քնել, իմ էրեխեքը, թուրքը չքնի։ Ինձ իրենց խոստացած 10 միլիոնը պետք չէ, կտան, թե չեն տա, իրենց խնդիրն է, չեմ էլ սպասում, որ պետք է տան։ Ես այն մարդը չեմ, որ 10 միլիոնի համար իր տունը հեշտ ու հանգիստ տա թուրքին։ Ես տունը նաև վառել եմ՝ հոգիս հանգստացնելու համար»,- ասել էր նա։

Արման Հայրապետյանը 2016 թվականի ապրիլյան և 44-օրյա պատերազմների մասնակից է, եղբայրը՝ Մհեր Հայրապետյանը, մահացել է 44-օրյա պատերազմում։