Կյանքի 95-րդ տարում կյանքից հեռացել է բանասիրական գիտությունների դոկտոր, պատմաբան Քնարիկ Տեր-Դավթյան-Արևշատյանը
Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքի 95րդ տարում կյանքից հեռացավ բանասիրական գիտությունների դոկտոր, պատմաբան Քնարիկ Տեր-Դավթյան - Արևշատյանը։
Քնարիկ Տեր-Դավթյանը ծնվել էր 1926թ. սեպտեմբերի 6-ին, Իրանի Թավրիզ քաղաքում: 1934թ. ընտանիքի հետ տեղափոխվել էր Հայաստան:
1972թ-ից աշխատում էր ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում:
Ուսումնասիրել և զբաղվել է հայ միջնադարյան գրականության բնագրերի և հատկապես վարքագրական ու կրոնաբարոյախրատական թեմաներով գործերի ուսումնասիրությամբ, քննական բնագրերի կազմությամբ, ծանոթագրմամբ և ռուսերեն թարգմանությամբ:
Հեղինակել է վարքերի և վկայաբանությունների ժանրային կառուցվածքը, վարքագրական կոդ հասկացությունը, որի հիման վրա էին ներկայացվում սրբերի ու նահատակների գրական դիմանկարները, վարքագրական ժանրի ձևավորումը բյուզանդական գրականության մեջ, ապա և անցումը հայ գրականությանը սկսած Ոսկեդարյան շրջանից ու հետո ժանրի պատմական զարգացումը հայկական միջնադարում թարգմանական և ինքնուրույն գրական հուշարձանների քննությամբ:
Ռուսերեն է թարգմանել ու հանգամանալից ուսումնասիրությամբ և ծանոթագրություններով ներկայացրել «Աղբյուրներ միջնադարյան Հայաստանի բարձրագույն դպրոցների պատմության (12-15-րդ դդ) (1983թ.), «Վկայաբանութիւն Սրբոց Հռիփսիմեանց» (1996թ.), Ագաթանգեղոսի «Հայոց պատմություն» (2004թ.), Կարապետ Գաբիկյանի «Եղեռնապատում Փոքուն Հայոց և նորին Մեծի մայրաքաղաքին Սեբաստիոյ» (2015թ.), Հովհաննես Սեբաստացու «Պատմութիւն Սեբաստիոյ», Թովմա Մեծոփեցու «Հիշատակարանը» և այլ աշխատություններ:
Ելնելով նրանից, որ մահվան պատճառը հանդիսացել է քովիդը և հաշվի առնելով համավարակով պայմանավորված անվտանգության պահպանման անհրաժեշտությունը, Քնարիկ Տեր-Դավթյանի հետ հրաժեշտի արարողությունը կանցկացվի նեղ ընտանեկան շրջանակում: