ԿԽՄԿ–ն արցախցիներին հյուրընկալած գեղարքունիքցի 210 ընտանիքի գումար է տրամադրել
Դրամական աջակցություն են ստացել ինչպես արցախցիներին հյուրընկալած ընտանիքները, այնպես էլ սահմանամերձ 6 գյուղերի բնակիչները`անասնակերի ձեռբերման համար։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Գեղարքունիքի մարզի հարյուրավոր ընտանիքիների և տնտեսությունների դրամական օգնություն է տրամադրել։ Տեղեկությունը հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից։
Նշվում է, որ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Իջևանի ենթապատվիրակության ղեկավար Էլիան Շահվայնին, տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանին, տնտեսական անվտանգության մասնագետ Ալին Դեսարզինին, Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության առողջապահության ոլորտի ներկայացուցիչ Կարինե Թորոսյանին և կրթության հասանելիության մասնագետ Մանուկ Խաչատրյանին:
Հանդիպման ընթացքում ԿԽՄԿ ներկայացուցիչը մարզպետին ներկայացրել է 2020 թվականի ղարաբաղյան հակամարտության հետևանքով Վարդենիսի տարածաշրջանի սահմանամերձ բնակավայրերում իրականացրած աշխատանքներն ու ընթացքի մեջ գտնվող ծրագրերը:
Մասնավորապես, իրենց բնակարաններում, 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանվածներին հյուրընկալած գեղարքունիքցի 210 ընտանիքների տրամադրել են դրամական աջակցություն, իսկ սահմանամերձ 6 համայնքների 409 տնտեսությունների՝ 280 հազար դրամ աջակցություն՝ անասնակեր և վառելիք ձեռք բերելու համար։
Կողմերը քննարկել են նաև առաջիկա համատեղ անելիքները, որոնք ուղղված են Գեղարքունիքի սահմանամերձ համայնքներում բնակվող քաղաքացիական բնակչության կարիքների արձագանքմանը:
Գեղարքունիքի մարզպետն իր հերթին շնորհակալություն է հայտնել իրականացրած մարդասիրական ծրագրերի համար և հավաստիացրել է, որ պատրաստակամ է իր ուժերի և լիազորությունների ներածին չափով աջակցել կոմիտեին՝ նոր նախաձեռնությունների իրականացման հարցում: