Կութի սահմանային հատվածում գերլարված վիճակ է, կողմերը բանակցում են 6 գերիներին վերադարձնելու համար. համայնքապետ

Գեղարքունիքի մարզի Կութի սահմանային հատվածում գերլարված վիճակ է, պայմանավորված հակառակորդի՝  6 հայ զինծառայողի գերեվարելու փաստով։ Այս մասին ասել է Գեղամասար  խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։


«Հիմա բանակցություններ են ընթանում, որպեսզի կարողանան հետ վերադարձնել մեր զինծառայողներին։ Այս պահին ինտենսիվ կրակոցներ չկան, այսօր առավոտյան հակառակորդը օդ էր կրակել, դրանից հետո կրկին կրակոցներ եղել են, վիրավորներ եւ զոհեր չկան»,– ասաց համայնքապետը։

Նշենք, որ ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ այսօր՝ մայիսի 27-ի վաղ առավոտյան,   Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել եւ գերեվարվել  է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։

ՊՆ-ից հայտնել էին, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ։