Կայացել է Արցախի կորսված տարածքները ներկայացնող «Հիշողության ուժը» ֆոտոալբոմի շնորհանդեսը
Այսօր՝ նոյեմբերի 15-ին Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում տեղի է ունեցել Սևակ Ասրյանի լուսանկարների «Հիշողության ուժը» ալբոմի շնորհանդեսը և համանուն ցուցահանդեսի փակման արարողությունը:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ 100 էջանոց ֆոտոալբոմում զետեղվել են ցուցահանդեսում ներկայացված 44 լուսանկար՝ արցախյան բռնազավթված տարածքներից, տեղանքների մասին տեղեկություններ, քարտեզներ, 192 կորցրած բնակավայրերի ցանկը, 44-օրյա պատերազմի և Արցախի 3 հազար տարվա համառոտ պատմությունը ։
«ռեԱրմենիա» համագործակցության հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանի խոսքով՝ հիշողության ուժն արտացոլված է արժեքների մեջ, որոնք պահելով պետք է գնալ գործնական քայլերի:
«Ցուցահանդեսն Ստեփանակերտից հետո շարունակվելու է տարբեր վայրերում՝ դառնալով Արցախը ներկայացնող մի մասնիկ ամբողջ հայության մեջ»,- ասել է նա:
Այնուհետև «Ինքնության պաշտպանությունը 21 դարում» թեմայով բանախոսել է «Արևահովիտ» հիմնադրամի հիմնադիր Վանո Դադայանը՝ կարևորելով ինքնության նշանակության գիտակցումն ու անելիքները ներկա ժամանակներում:
«Հիշողության ուժը» նախագծի հեղինակ, արցախյան 3 պատերազմների մասնակից, լուսանկարիչ Սևակ Ասրյանին տպավորել են արցախցիների հույզերը՝ թշնամու տիրապետության տակ անցած տարածքների լուսանկարները դիտելիս:
Նրա խոսքով՝ այդ հույզերը ևս հնարավորություն են՝ միշտ վառ պահելու հայրենիքի կորսված հատվածի մասին հիշողությունը:
Միջոցառմանը նշվեց, որ «Հիշողության ուժը» ֆոտոալբոմի վաճառքից ստացված հասույթն ուղղվելու է Արցախում զարգացման ծրագրերի իրականացմանը: