Ադրբեջանում պահվող հայ գերեվարված անձանց առողջական վիճակին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի անդամներն հերթական անգամ ծանոթացել են օգոստոսի վերջից սեպտեմբերի սկիզբ ընկած ժամանակահատվածում։ Այդ մասին NEWS.am-ին հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Վերջին այցը եղել է օգոստոսի վերջի և սեպտեմբերի առաջին օրերին: Այդ ընթացքում ծանոթացել ենք և՛ գերեվարվածների առողջական վիճակին, և՛ պահման պայմաններին։ Գերեվարված անձանց հնարավորություն է տրվել նաև կապ հաստատել իրենց ընտանիքների անդամների հետ՝ հեռախոսազրույցների, նամակների, տեսաուղերձների ձևով։ Հույս ունենք, որ նույն պարբերականությամբ՝ ամիսը մեկ, կկարողանանք այդ կապն ապահովել»,- ասել է Ամատունին։