Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկայի բնակիչները` հիմնականում երիտասարդները, որոշ ժամանակով փակել են գլխավոր ճանապարհը՝ ադրբեջանցիների ավտոմեքենաների շարասյունը կանգնեցնելու նպատակով։ Տեղեկությունը հայտնեց տեղի մեր աղբյուրը։
Խնդիրն այն է, որ Կարմիր շուկայի բնակիչների անասունները երբեմն անցնում են չեզոք գոտի կամ ադրբեջանցիների` Արցախի գրավյալ տարածքներ, իսկ ադրբեջանցիները տանում են կենդանիներին և չեն վերադարձնում։ Նման մի դեպք էլ օրեր առաջ է գրանցվել։ Այսօր գյուղի երիտասարդներն իմացել են, որ ադրբեջանական շարասյուն է անցնելու և փակել են ճանապարհը։
«Նրանք ասել են, որ եթե չվերադարձնեն անասուններին, մենք էլ չենք թողնի անցնեք այդ ճանապարհով»,–ասաց մեր աղբյուրը։
Տեղում աշխատել են ոստիկանության աշխատակիցները` հնարավոր բախումները կանխելու համար։ Մեր զրուցակցի խոսքով` նաև ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթացել, և հայկական կողմը բացել է ճանապարհը։ «Ադրբեջանցիները խոստացել են վերադարձնել անասուններին»,–ասաց նա։
Նախկինում ևս եղել է նման դեպք, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանցիները վերադարձրել են հայերի անասուններին։
Հիշեցնենք, որ հունվարի 24–ին էլ Արցախի Կարմիր շուկա բնակավայրի մոտակա ադրբեջանական դիրքերից կրակոցներ են հնչել։