Հայկական արմատներով ռուսաստանցի կինոռեժիսոր Կարեն Շահնազարովն արժանացել է Ռուսաստանի 2022 թվականի պետական մրցանակի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Արվեստի բնագավառում 2022 թվականի Ռուսաստանի պետական մրցանակը հումանիտար աշխատանքի ոլորտում ակնառու նվաճումների համար շնորհվել է «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն, ռեժիսոր Կարեն Գեորգիի Շահնազարովին»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ նախագահի խորհրդական Վլադիմիր Տոլստոյը։
Նշվում է, որ ՌԴ-ի պետական մրցանակին Է արժանացել նաև ակադեմիկոս Լևոն Աշրաֆյանը՝ պերինատոլոգիայի, ուռուցքաբանության և վերարտադրողական բժշկության պրակտիկայում ախտորոշման, կանխարգելման և թերապիայի անհատականացված մեթոդների մշակման և ներդրման մի շարք աշխատանքների համար:
Պետական մրցանակը Ռուսաստանի գլխավոր մրցանակն է, որը երկրի նախագահի կողմից շնորհվում է ամեն տարի։