ՀՀ կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի իր բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման է հանձնում Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (ԱՆԻՖ)։ Համապատասխան որոշումն ընդունվեց այսօր ՀՀ կառավարության նիստում։
ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հայտնեց, որ բաժնետոմսերի նկատմամբ պետության սեփականության իրավունքը պահպանվելու է։
«Առաջարկվում է նաև ՀՀ վարչապետի աշխատակազմին հանձնարարել ՀՀ կառավարության անունից կնքել հավատարմագրային կառավարման մասին պայմանագիրը։ Հիշեցնեմ, որ ԱՆԻՖ-ը հանդիսանում է 100% պետական սեփականությամբ առևտրային կազմակերպություն, որի մանդատներից մեկը պետության ռազմավարական նշանակության ակտիվներում պետության՝ որպես սեփականատեր, արդյունավետ ներկայացուցչությունն է: ԱՆԻՖ-ի միջոցով Հայաստանի Հանրապետությունն առավել արդյունավետ կիրացնի իր բաժնեմասնակցությունն ընկերությունում»,– ասաց Մաթևոսյանը։
Ըստ որոշման` հավատարմագրային կառավարման դիմաց ԱՆԻՖ-ը վարձատրություն չի ստանալու։ Կառավարությունը փոխհատուցելու է միայն հավատարմագրային կառավարման ընթացքում կատարած ծախսերը։ Իսկ թե ինչ կարգով ու ինչ չափով, կառավարությունը կորոշի 6-ամսյա ժամկետում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցի քննարկման ժամանակ հիշեցրեց, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 15%–ը պետությանը փոխանցելու որոշումը շատերի մոտ կասկածներ էր առաջացրել։
«Այն, որ պետությունն իր հիմնական ռազմավարական ակտիվից երկար տարիներ զրկված է եղել, դա, փաստորեն, կասկածելի չէր, իսկ այն, որ պետությունը ձեռք է բերում, ոմանք փորձում են դրա մեջ կոռուպցիոն հետքեր ու գործարքներ գտնել։ Ես ուշում եմ պարզաբանել, որ կոռուպցիայի արդյունքում պետությունը ոչ թե ստանում, այլ կորցնում է։ Եվ դա մենք տեսել ենք` սկսած 2000-ականներից, երբ պետական պաշտոնյաների հետ փոխկապակցված անձինք դարձել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերեր»,– ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` 2021թ–ի դեկտեմբերի 3-ին ԱՆԻՖ–ի տնօրեն Դավիթ Փափազյանը հայտարարել էր, որ ֆոնդը պատրաստ է ստանձնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի կառավարումը, եթե ՀՀ կառավարությունը նման որոշում կայացնի: