Կառավարությունը 6 ամսով կսուբսիդավորի Փոթի-Պորտ Կավկազ լաստանավով տեղափոխման ծախսերն ամբողջությամբ

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 24-ի նիստում հաստատեց ՀՀ տարածքից արտահանման կամ Հայաստանի տարածք ներմուծման նպատակով բեռների՝ լաստանավով (լաստանավերով) տեղափոխման դեպքում առաջացած լրացուցիչ ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառումը:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ Հայաստանը ներմուծման ու արտահանման ժամանակ բախվում է վերին Լարսի անցակետը փակ լինելու խնդրին. «Այս իրավիճակում, երբ պարենային անվտանգությունը դառնում է ամենակարեւոր խնդիրներից մեկը յուրաքանչյուր երկրի համար, կարիք կա ֆունդամենտալ լուծման: Մենք հիմա առաջարկում ենք ֆինանսավորել Փոթի-Պորտ Կավկազ լաստանավային կանոնավոր հաղորդակցությունը՝ շաբաթական երկու անգամ չվացուցակով, որ կարողանանք մեր լոգիստիկ բեռնափոխադրումների էական մասը տեղափոխել երկաթուղային տրանսպորտային ձեւ: Դա թույլ կտա էապես  բարձրացնել պարենային անվտանգությունը եւ լոգֆիստիկ հասանելիությունը Հայաստանի, նաեւ էապես կբարձրացնի Հայաստանի արդյունաբերության մրցունակությունը»,-ասաց նա:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա լաստանավային  կապ հաստստելու առաջին փորձը չէ. «Նախորդները միշտ չէ, որ հաջող փորձ են ունեցել: Այս անգամ առանձնահատկությունն այն է, որ այս դեպքում՝ մենք շեշտը դնում ենք երկաթուղային փոխադրումների վրա, որը կարծում եմ՝ ունի հետեւյալ առավելությունը, որ կան շատ արտահանվող ապրանքներ, որոնք արտահանման ճանապարհին մի քանի անգամ բեռնվում, բեռնաթափվում են: Այս պարագայում դրանք կարող են միանգամից շատ երկար երկաթուղային ճանապարհներ սկսել ՀՀ-ից: Կառավարությունը 6 ամսով սուբսիդավորում կիրականացնի՝ հույս ունենալով, որ այդ համակարգը կսկսի աշխատել եւ ինքն իր ծախսերը փակել»,-ասաց նա:

Որոշման հիմնավորման մեջ նաեւ նշված է. «Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լաստանավով բեռնափոխադրման դեպքում Լարսով փոխադրելու համեմատ ծախսերն ավելանում են լաստանավի փոխադրման վրա կատարված ծախսի չափով։

Նախատեսվում է փոխհատուցել  լաստանավով տեղափոխման ծախսերն ամբողջությամբ՝ իրականացնելով լաստանավի վարձակալում։

Ոսումնասիրությունները ցույց են տալիս, որ լաստանավը կարող է Փոթի-Կովկաս նավահանգիստ  տեղափոխել յուրաքանչյուր ուղղությամբ 50 մեքենա, և երկու ուղղությամբ տեղափոխման արժեքը կազմում է 100-120 հազ. ԱՄՆ դոլար, հետևաբար մեկ բեռնատար (քսան տոննա տարողությամբ)մեքենայի մեկ ուղղությամբ ծախսը կազմում է 1000-1200ԱՄՆ դոլար, իսկ երկաթգծային վագոնով տեղափոխման դեպքում, քանի որ լաստանավը կարող է տեղափոխել 40 վագոն, ծախսը կկազմի 1200-1500 ԱՄՆ դոլար։Հարկ է նշել, որ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 20-50% զեղչերի կիրառման հնարավորության վերաբերյալ, ինչը կարող է խթան հանդիսանալ նաև բեռների երկաթուղային ճանապարհով փոխադրման համար»: