Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գառնոն հայտարարել է, որ Գերմանիայում Կանադայի դեսպան, Եվրամիության եւ Եվրոպայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնը կստանձնի հայկական ժողովրդավարության առավել արդյունավետ աջակցության հնարավորությունները ուսումնասիրելու առաքելությունը: Այս մասին նշված է Կանադայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում:
«Հիմնվելով վերջին տարիների համատեղ աշխատանքը եւ մեր երկրների քաղաքացիների միջեւ երկարատեւ շփումների վրա՝ Կանադան հավատարիմ է Հայաստանի հետ համագործակցությանը՝ այս երկրում հետագա ժողովրդավարական առաջընթացն ապահովելու համար, որը կարեւոր նշանակություն ունի ոչ միայն հայ հասարակության, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար:
Հատուկ բանագնաց Դիոնը կուսումնասիրի ` հայ քաղաքացիական հասարակության շարունակական ջանքերը խրախուսելու, ժողովրդավարական ինստիտուտները ամրապնդելու, միջազգային ինստիտուտների հետ Հայաստանի փոխգործակցությունն ընդլայնելու եւ տնտեսական աճին նպաստելու Կանադայի հնարավորություններն ու խրախուսման տարբերակները: Նպատակն այն է, որ այս առաքելության արդյունքում կանադական հասարակության աջակցությունը հուսալիորեն ամրապնդվի՝ ի շահ հայկական ժողովրդավարության:
Դրա աշխատանքը կտեւի մի քանի ամիս եւ կներառի առցանց խորհրդատվություն՝ Կանադայի մի շարք շահագրգիռ կողմերի եւ Հայաստանում գործընկերների հետ: Եթե COVID-19-ի հետ կապված ճանապարհորդելու թույլտվություն ունենա, ապա նա նաեւ կմեկնի Հայաստան՝ հանդիպելու Հայաստանի կառավարության եւ հիմնական գերատեսչությունների բարձրաստիճան անդամների, ինչպես նաեւ գործընկեր դեսպանությունների, քաղաքացիական հասարակության խմբերի, միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի եւ տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նա նաեւ հանդիպում կունենա խորհրդարանի անդամների եւ պետական ծառայողների հետ, որոնք ներգրավված են Կանադայի կողմից ֆինանսավորվող «Խորհրդարանական կենտրոն» նախագծում:
Այս առաքելությունն ընդգծում է այն կարեւորությունը, որը Կանադան տալիս է հայկական ժողովրդավարության հաջողությանը: Առաքելությունից հետո հատուկ բանագնացը իր եզրակացությունների մասին կզեկուցի նախարար Գառնոյին: Սա կներառի խորհրդատվություններ, որոնք հետագայում կօգնեն Կանադային համագործակցել Հայաստանի հետ` իր ժողովրդավարական հավակնությունների հետագա իրականացման ուղղությամբ»,- նշվում է Կանադայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
«Հայաստանում ուժեղ ժողովրդավարությունը տարածաշրջանում կայունության բաղադրիչներից մեկն է: Հատուկ բանագնաց Դիոնը միշտ մեծ հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանի ժողովրդավարական հաջողության նկատմամբ, եւ ժողովրդավարական զարգացման նրա խորը ընկալումը երաշխավորում է, որ նա լավ կծառայի այս առաքելությունում»,- ասաց Մարկ Գառնոն:
Իր հերթին, Կանադայի նախկին արտգործնախարար, դեսպան Ստեֆան Դիոնը առաքելության մեկնարկի կապակցությամբ Twitter-ում գրառում է կատարել. «Ինձ համար մեծ պատիվ է ստանալ այս հնարավորությունը` ներդրում ունենալ Կանադայի եւ Հայաստանի ժողովրդավարությունների միջեւ կապերի ամրապնդման մեջ»: