Կաբարդինո-Բալկարիայի բնակիչը մտել է մզկիթ և Ղուրաններ այրել

Կաբարդինո-Բալկարիայի բնակիչը մտել է մզկիթ և  Ղուրանի մի քանի օրինակ այրել, տեղեկացնում է «360» հեռուստաալիքը։

Միջադեպը պատահել է Չեգեմ երկրորդ գյուղում։ Չարագործը ընկել է տեսահսկող սարքի տեսադաշտը։ Երևում է, թե ինչպես է տղամարդը , որի ձեռքին այրվող հեղուկով տարա է, մտնում մզկիթ։ Մի քանի սենյակներ անցնելով՝ հայտնվում է սրահում, որտեղ հավատացյալներն աղոթքներ են կարդում։

Քաղաքացին նպատակաուղղված մոտենում և Ղուրանի մի քանի օրինակ է վերցնում, դնում գետնին։ Հետո նա հեղուկը լցնում է գրքերի վրա, հեռանում իր համար անվտանգ հեավորության վրա և կրակի է տալիս դրանք։ Սրահում հզոր բռնկում է տեղի ունենում, իսկ տղամարդը, շուրջբոլորը նայելով, հեռանում է մզկիթից։

Կատարվածը մեկնաբանել են Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետության մուսուլմանների հոգևոր վարչությունում։ Նրանք ասել են, որ խոսել են հրկիզողի հորեղբոր հետ։

«Հրկիզողը ձերբակալված է, և հետաքննություն է անցկացվում։ ԿԲՀ բնակիչներին հանգստության կոչ ենք անում և խնդրում ենք կեղծ տեղեկատվություն չտարածել»,- նշել են կազմակերպության ներկայացուցիչները։ 

Մամուլի ծառայությունից հայտնել են, որ ձերբակալվածը մզկիթի մշտական այցելուներից է։ Նախնական տեղեկությամբ նա «հոգեպես անհավասարակշիռ մարդ է, գտնվել է ոգելից խմիչքի ազդեցության ներքո»։ Նա հաստատել է իր գործողությունները, որոնք բացատրել է «ներքին ձայնի» թելադրանքով։

«Քնարկվում է քրեական գործ հարուցելու հարցը։ Նյութերը փոխանցվել են Քննչական կոմիտե»,- ասել են ԿԲՀ մուսուլմանների հոգևոր վարչությունից։