Իսրայելում հայերի շրջանում այս պահի դրությամբ զոհեր չկան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պետախ Տիկվայի «Նաիրի» միության նախագահ, «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը:
«Երկրումպատերազմական իրավիճակ է, մարդիկ աշխատանքի չեն գնում, դպրոցները մանկապարտեզները փակ են, միայն տրանսպորըն է աշխատում եւի խիստ անհրաժեշտ սպասարակման ոլորտը, մարդիկ սպասողական վիճակում են: Մեզ մոտ այս պահին հանգիստ է, հիմնականում հարավում են ռազմական գործողություններն ընթանում, Երուսաղեմում էլ երեկ ցերեկն է հրթիռային հարված եղել, լարված իրավիճակ է»,-ասաց նա:
Չերնամորյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ խոսվում 500 իսրայելցի սպանվածի մասին, վիրավորների թիվն անցնում է 2000-ը:
«Սակայն այս թվերը անընդհատ ավելանում են, կարելի է ասել, որ ժամ առա ժամ փոխվում են թվերը»,- ասաց նա:
Նա նշեց, որ հարավում քաղաքացիական բնակչությանը զենք են բաժանել, քանի որ պաղեստինցի զինյալները մտել են քաղաքներ, մարդկանց տներ. «Զենքը բաժանել են, որ մարդիկ կարողանան իրենց պաշտպանել, այնտեղ վիճակը շատ լարված է»:
Չենրամորյանը հայտնեց, որ Իսրայելում բնակվում է 10 հազար հայ, ծանր ռմբահարվող քաղաքներում 500 հայ է բնակվում, երկրի կենտրոնում, որը հրթիռահար հարվածների տակ է գտնվում 3000 հայ է ապրում:
Հիշեցնենք, որ նախօրեին առավոտյան պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին։ Իսրայելական կողմը հայտնել է նաև իր տարածք ՀԱՄԱՍ-ի հարյուրավոր զինյալների ներթափանցման մասին։
Ստեղծված իրավիճակի հետ կապված՝ Իսրայելը հայտարարել է «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին։ Իր հերթին ՀԱՄԱՍ-ը հայտարարել է «Ալ-Աքսա Ջրհեղեղ» գործողություն սկսելու մասին։
Խմբավորումն իր գործողությունները բացատրել է իսրայելական ուժերի կողմից շարունակվող ագրեսիայով և օկուպացմամբ, ինչպես նաև պաղեստինյան սուրբ Ալ-Աքսա մզկիթի դեմ շարունակվող սադրանքներով։