Իսպանիայում վերջին 50 տարվա մեջ ամենավատ երաշտի պատճառով ամբողջությամբ ցամաքում է հայտնվել Դոլմեն դե Գուադալպերալ մեգալիթյան հուշարձանը, որը գտնվում է Վալդեկանյասի ջրամբարի հատակին։
Դոլմեն դե Գուադալպերալի տարիքը գնահատվում է 6-7 հազար տարի, այն կոչվում է «Իսպանական Սթոունհենջ», պարզաբանում է AP-ն՝ հավելելով, որ 150 քարերից բաղկացած նախապատմական շրջանը 2000 տարով ավելի հին է, քան Մեծ Բրիտանիայում գտնվող հայտնի Սթոունհենջը:
Հուշարձանը իրենից ներկայացնում է մինչև 1,8 մետր բարձրությամբ 150 քարերից կազմված շրջան, որոնք ուղղահայաց փորված են գետնի մեջ։ Գիտնականները ենթադրում են, որ այն օգտագործվել է ծիսական արարողությունների համար: Ամենամեծ քարը՝ այսպես կոչված «մենհիրը», ենթադրաբար մատնացույց է արել սուրբ շրջանի մուտքը։ Այս քարը մի կողմից զարդարված է մարդու, մյուս կողմից՝ օձի պատկերներով։
Հուշարձանը ջրի տակ է անցել 50 տարի առաջ՝ ջրամբարի կառուցման ժամանակ։ Գիտնականները կարծում են, որ անձրևների սեզոնի մեկնարկի հետ այն կրկին ջրի տակ կանցնի։
«Իսպանական Սթոունհենջը» հայտնաբերվել է 1920-ականներին, 1960-ականների սկզբին հայտնվեցին դրա մասին առաջին գիտական աշխատանքները։