Իսպանիայի հայկական համայնքը ցույց է կազմակերպել՝ պահանջելով դատապարտել Ադրբեջանի ագրեսիան

Իսպանիայի Ալիկանտե քաղաքի հայկական համայնքը ցույց է անցկացրել ի պաշտպանություն Հայաստանի` դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան: «Արմենպրես»-ի հետ զրույցում Իսպանիայի Ալիկանտե հայկական միության նախագահ Հասմիկ Քոչարյանն ասել է, որ ցույցին մասնակցել են հայեր ոչ միայն Ալիկանտեից, այլև հարևան քաղաքներից: 

«Հայերով հավաքվել էինք քաղաքապետարանի շենքի մոտ: Ցույցի նպատակը սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից ծավալված ագրեսիան դատապարտելն էր: Ցույցին ներկա են եղել Ալիկանտե քաղաքի ընդդիմադիր երկու կուսակցության նախագահներ»,-ասել է նա:

Հասմիկ Քոչարյանն ընդգծել է, որ տեղի համայնքը բավական ակտիվ է: Նման նախաձեռնություններով համայնքը հանդես է եկել նաև քառօրյա և 44-օրյա պատերազմների ժամանակ: