Սահմանազատումն ու սահմանագծումը չի կարող լինել շանտաժի միջոց, պատերազմի սպառնալիքի միջոցով չի կարող լինել։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը։
«Ոչ թե պետք է լինի սահմանազատում և սահմանագծում, որին պետք է հաջորդի խաղաղության պայմանագիրը, այլ եթե խաղաղություն են ուզում դիմացը, պայմանագիրը հենց հիմա պետք է ստորագրի, որից հետո նոր պետք է սկսվի սահմանազատումը և սահմանագծումը։ Որևիցե քաղաքակիրթ երկիր չի կարող սպառնալ իր քաղաքացիներին պատերազմով և ստիպել գծել սահմանները։ Այս իշխանությունը, որը լծվել է չգիտես թե ում ծառայելու գնում է հենց այդ ճանապարհով՝ նախ սահմանազատում և սահմանագծում Ադրբեջանի ցանկությամբ հետո նոր իբրև թե պատերազմի սպառնալիքը հետ մղի և հետո նոր խաղաղության պայմանագիր լինի»,- նշեց նա։
Միքայել Սրբազանի խոսքով՝ 2018թ-ին ինչպես և բոլոր մարդիկ, ինքն էլ 2 օր սխալվել է ապրիլի 23-ին և 24-ին և այդ սխալը մնալու է իր կենսագրության մեջ։ Հիմա լուսանկարներ և ելույթներ են տարածում:
«Իշխանությունը վախեցած է այս շարժումից , ուրիշ հերոսի անուն չիմանալով, նույն հերոսի անունն է տալիս։ Ես միշտ քաղաքական կարծիքներ հնչեցրել եմ բոլոր իշխանությունների ժամանակ։ Քաղաքական կյանքով չզբաղվելը վերաբերում է ձգտում չունենալուն՝ լինել պետական կառավարման մեջ: Մենք չունենք նման ցանկություն, նման ամբիցիա: Անտարբերությունը մահացու մեղք է, մենք չենք կարող լինել անտարբեր Հայաստանում տեղի ունեցող պրոցեսներին, որոնք վտանգում են մեր պետականությունը և անվտանգությանը», - ընգծեց Միքայել Սրբազանը։
Հիշեցնենք՝ Գյումրիում Շիրակի թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ մեկնարկեց ավտոերթ դեպի Աբովյան։ Երթի մասնակիցները կմիանան Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան քայլերթին։