Իշխանությունը տասնյակ միլիոնավոր դրամների սուբսիդիաներ է հատկացնում ընտրություններից առաջ

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Տավուշի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի մի շարք գյուղական բնակավայրերին այս օրերին տասնյակ միլիոնավոր դրամների սուբսիդիաներ են հատկացվում՝ առանց հիմնավորման և առանց ծախսերի նպատակի կարգավորման։

Ընդ որում, մարզպետները համայնքապետերի և գյուղապետերի հետ զրույցներում չեն էլ թաքցնում այդ հանգամանքը։ Նրանք, ըստ մեր մարզային աղբյուրների, բացեիբաց ասում են, որ փող են բաժանում ընտրություններից առաջ։ Մենք հարցում ենք ուղարկել կառավարություն՝ պարզելու այս տեղեկությունների իսկությունը։ Իրավիճակի ցինիզմը ոչ միայն նրանում է, որ փող բաժանելու դեմ խոսող իշխանությունը փող է բաժանում։ Շատ ավելի վատ է, որ մարդկանց բաժանում են իրենց իսկ քրտինքով վաստակած, իրենց առանց այդ էլ հասանելիք փողը, բայց լավություն ներկայացնում։