Ռուսական կողմը շարունակում է միջնորդի դեր կատարել Բաքվի և Երևանի միջև նաև Ղարաբաղյան հակամարտության ավարտից հետո: Այս մասին Вестник Кавказа պարբերականի հետ զրույցում ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը՝ մեկնաբանելով Ադրբեջանից 15 հայ ռազմագերիների վերադարձն ու Երևանի կողմից ականապատման քարտեզների տրամադրումը Բաքվին:
Քաղաքագետը հիշեցրել է, որ հենց Ռուսաստանն է պատերազմի ժամանակ հանդես եկել որպես միջնորդական առաքելություն իրականացնող կողմ: «Նույն առաքելության շրջանակում Մոսկվայի միջնորդությամբ ստորագրվել է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը»,- ընդգծել է փորձագետը:
Մարկարովի խոսքով՝ այսօրվա դրությամբ «հետպատերազմական իրավիճակի կարգավորման համար անհրաժեշտ է օգտագործել առկա ռեսուրսները, այն է Մոսկվայի ազդեցությունը տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վրա»:
Մարկարովը հավելել է՝ բանակցային գործընթացում «տեղում» առաջխաղացումներ դեռ չկան, ինչը վկայում է այլ կողմերի՝ հենց Ռուսաստանի մասնակցության անհրաժեշտության մասին: