Ինչո՞ւ եք ֆիքսվել հենց ադրբեջաներենի վրա. ՀՀ դպրոցներում թշնամու լեզուն դեռ չի ուսուցանվի
ԿԳՄՍ նախարարությունը դեռ քննարկում է որոշ դպրոցներում վրացերեն լեզուն ուսուցանելու հարցը, բայց ադրբեջաներեն և թուրքերեն ուսուցանելու մասին դեռ վաղ է խոսել։
Այս պահին ՀՀ դպրոցներում ադրբեջաներեն, թուրքերեն սովորեցնելու ծրագիր չկա։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց կրթության, գիտության , մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։

«Հայաստանի ռազմավարության սկզբունքն է տարածաշրջանային լեզուներն ուսումնասիրելը, ծանոթ լինելը հենց դպրոցներից։ Բայց մենք չենք պատրաստվում հենց այսօր դպրոցներում ադրբեջաներեն ուսուցանել։ Մենք դեռ քննարկում ենք որոշ դպրոցներում վրացերեն լեզուն ուսուցանելու հարցը։ Ինչո՞ւ եք ֆիքսվել հենց ադրբեջաներենի վրա»,-ասաց նախարարը։

Նա հիշեցրեց, որ Ադրբեջանում հայերեն լեզուն կարծես թե բավականին լավ է ուսումնասիրվում։

Նշենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը››, որի «կրթական չափորոշիչների և ծրագրերի բարելավում» բաժնում նշվում է, որ ՀՀ դպրոցներում կուսուցանվեն «հարևան երկրների լեզուները» (պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, ադրբեջաներեն)։