Իբր շատ մեծ գումար էր, կրճատում եք. պատգամավորը` զբաղվածության պետական ծրագրերի մասին
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը վստահեցրեց, որ զբաղվածության ծրագրերին պետբյուջեով հատկացված գումարն անհրաժեշտության դեպքում կարող է ավելացվել։
Հայաստանյան աշխատաշուկայում խնդիրները շատանում են, ոլորտին ուղղվող պետական գումարները` կրճատվում։ Այսօր ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյանը` դիմելով աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանին։

«Գործազուրկների թիվը, ճիշտ է, կրճատվել է, բայց դա, մեր գնահատմամբ, արտագնա աշխատանքի և արտագաղթի հետևանք է։ Այսինքն` այս վիճակում ի՞նչն եք գցել–բռնել, կշռել, որ 2022թ–ին զբաղվածության ոլորտին պետական բյուջեով հատկացված աջակցության ծրագրերի գումարները 25 տոկոսով` 500 մլն դրամով կրճատել եք։ Իբր, եղածը մի շատ մեծ գումար էր` 2 մլրդ, դուք 25 տոկոսով կրճատում եք»,– ասաց ընդդիմադիր պատգամավորը` «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների բնակչության զբաղվածությանն աջակցելու ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ։

Ավետիսյանը նաև հայտարարեց, որ համաձայնագրի կողմ հանդիսացող մնացած բոլոր երկրներում, ի տարբերություն Հայաստանի, 2020թ–ի ճգնաժամային տարվանից հետո զբաղվածության բյուջեներն ավելացվել են։
Պատգամավորը նաև շեշտեց, որ բացի գումարի կրճատումից , պետությունը նաև զբաղվածության նոր ծրագրեր չի առաջարկել։
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանն, արձագանքելով ընդդիմության բարձրացրած խնդրին, հայտնեց, որ պետությունը վերանայում է զբաղվածության ծրագրերը` կախված դրանց արդյունավետությունից։
«Օրինակ` հաշմանդամների զբաղվածության մի քանի ծրագրերում մենք բավական լուրջ փոփոխություններ ենք անում, որ ավելի հարմարավետ ու ավելի հեշտ լինի աշխատանք գտնելը,– ասաց նա։
Փոխնախարարը նաև հայտնեց, որ նախարարությունը համագործակցում է մասնավոր սեկտորի, էկոնոմիկայի ու ԲՏԱ նախարարությունների հետ։
«Կարծում եմ` այս պահին ծրագրերի վերանայումը բացասական չի ազդում զբաղվածության խնդիրների լուծման վրա»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է բյուջեին, Ռուբեն Սարգսյանը վստահեցրեց, որ պետբյուջեով նախատեսված գումարն անհրաժեշտության դեպքում կարող է ավելացվել։
Քննարկման ավարտին հանձնաժողովը միաձայն հավանությունը տվեց ԱՊՀ համաձայնագրի վավերացման մասի հարցը ԱԺ օրակարգում ներառելու նախագծին։

Նշենք, որ «ԱՊՀ մասնակից պետությունների բնակչության զբաղվածության խթանման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2021 թվականի մայիսի 28-ին, Մինսկում:
Համաձայնագրով կարգավորվում են զբաղվածության բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքներին առնչվող հարաբերությունները:
Համաձայնագիրը նպատակ ունի նպաստելու ԱՊՀ մասնակից պետությունների քաղաքացիների՝ ազատ տեղաշարժվելու և աշխատանքային գործունեություն իրականացնելու ազատության իրավունքների ապահովմանը, բնակչության զբաղվածությանը և գործազրկության մակարդակի նվազեցմանը: