«Դո՛ւք պետք է մեզ երաշխիքներ տաք։ Դո՛ւք։ Այն էլ անհապաղ, հիմա՛։ Այլ ոչ թե լռեցնեք դա տասնամյակներով և բոլորի համար անվտանգություն ապահովելու անհրաժեշտության մասին մեղմ զրույցների ներքո անեք այն, ինչ ծրագրում եք», – ասաց ՌԴ նախագահը։
Մոսկվան հստակ հասկացրեց, որ ՆԱՏՕ–ի հետագա առաջխաղացումը դեպի արևելք անընդունելի է։
«Դե, ի՞նչն է այստեղ անհասկանալի։ Մե՞նք ենք, ինչ է, հրթիռներ դնում Միացյալ Նահանգների սահմանների մոտ։ Ո՛չ, այդ Միացյալ Նահանգներն են հրթիռներով եկել մեր տան մոտ։ Մեր տան շեմին են արդեն։ Մի՞թե դա այդքան ավելորդ պահանջ է` մեր տան մոտ որևէ հարվածային համակարգ այլևս չդնել»։
«Ռուսաստանին հաղթել հնարավոր չէ, կարելի է միայն քանդել այն ներսից»
«Եթե խոսենք պատմության մասին, կցանկանայի հիշեցնել այն, ինչի մասին դարեր շարունակ խոսել են մեր ընդդիմախոսները. Ռուսաստանին հաղթել հնարավոր չէ, այն կարելի է միայն ներսից քանդել», – ասաց Պուտինը։
Նա հավելեց, որ XX դարում նման փորձ երկու անգամ է ձեռնարկվել` Համաշխարհային առաջին պատերազմից հետո և 90-ականներին։
Ռուսաստանի սահմանների մերձակայքում ՆԱՏՕ–ի բազաների մասին
«Այն մասին, որ մեզ շրջապատում են։ Մի՞թե ես ասել եմ, որ մեզ շրջապատում են։ Բազաներ են շուրջը, այո՛. արևելքում, հարավում, հյուսիսում։ Այնտեղ սպառազինության նոր համակարգեր էլ կան... Արևմուտքում` առավել ևս... Բայց, որ մեր նման տարածքը շրջապատեն, դա բարդ խնդիր է», – ասել է Պուտինը։
«Իսկ Կալիֆոռնիան ո՞ւմ էր պատկանում։ Իսկ Տեխա՞սը։ Մոռացե՞լ եք, ինչ է։ Հիանալի է»
Անդրադառնալով Ղրիմի վերաբերյալ Արևմուտքի դժգոհություններին, Պուտինը հիշեցրեց. «Իսկ Կալիֆոռնիան ո՞ւմ էր պատկանում։ Իսկ Տեխա՞սը։ Մոռացե՞լ եք, ինչ է։ Հիանալի է»։ Ըստ նրա` խորհրդային իշխանության առաջին տարիներին Ռուսաստանի պատմական տարածքները ժողովրդի հետ միասին փոխանցվել են մեկ այլ պետության։
«Ո՞վ է ստեղծել Ուկրաինան։ Վլադիմիր Իլյիչ Լենինը», – ասել է նա։
Նա նշել է, որ Ռուսաստանը հաշտվել է նրա հետ, որ իր պատմական տարածքներում այլ պետություններ են ստեղծվել, և նույնիսկ նպաստել է այդ պետությունների կայացմանը։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ այդպես շարունակվում էր մինչև 2014 թվականի սրացումը, երբ Ուկրաինայում, նրա խոսքով, պետական հեղաշրջում տեղի ունեցավ։ Նա հայտարարեց, որ երբ Ուկրաինայում «սկսեցին սպանել, մարդկանց այրել», Ռուսաստանը չէր կարող Սևաստոպոլը, Ղրիմն իր թևի տակ չառնել։
Ի՞նչը Ռուսաստանի մասին չի հասկանում Արևմուտքը
«Ամեն անգամ մենք ձայնարկում էինք, մտահոգություն հայտնում... Հեռո՛ւ գնացեք ձեր մտահոգություններով։ Ընդլայնման հինգ ալիք։ Ի՞նչ կա անհասկանալի։ Մենք ուզում ենք մեր անվտանգությունն ապահովել»։
Ամերիկացիները պետք է գիտակցեն, որ իրենք չեն կարող զսպել Չինաստանի զարգացումը
Չինաստանն այսօր գնողունակության հարաբերակցությամբ, տնտեսությամբ ամերիկյանից մեծ է։ Կանցնի 2035 թվականը, 2050–ը, Չինաստանն անխուսափելիորեն աշխարհի առաջին տնտեսությունը կդառնա նաև բոլոր մյուս ցուցանիշներով։
Սպորտը պետք է միավորի մարդկանց, այլ ոչ թե խնդիրներ առաջացնի ժողովուրդների և պետությունների միջև։ Պուտինը պատմեц, որ ԱՄՆ նախկին նախագահը (որի անունը նա չտվեց) իր հետ զրույցում հայտարարել էր, որ Օլիմպիադայի նախկին բոյկոտները սխալմունք էին։
Լրագրողներից մեկի ճշգրտող հարցից հետո հասկանալի դարձավ, որ Պուտինը խոսում էր ավագ Բուշի մասին։
«Խորհրդային տարիներին ոչ ոք չէր հարցնում. մեկ, երկու և վերջ` գնաց...»
Պարտադիր պատվաստման հարցում երկրի ղեկավարությունը պետք է ավելի լիարժեք տեղեկացնի քաղաքացիներին և համոզելու խելամիտ ձևեր գտնի։
«Սկսեցիր ճնշել` մեր ժողովուրդը հնարամիտ է, անմիջապես մի ձև կմտածի` ինչպես շրջանցի այդ ճնշումը, և կգտնի ձևերը», – ասաց Պուտինը։
Պուտինը կոչ արեց «պոչ չխաղացնել» և էժան միավորներ չվաստակել ազգի առողջության հաշվին։ Նրա խոսքով` ներկա պահին հաճախակիացել են պարտադիր պատվաստումն ապահովելու համար ռեպրեսիվ մեթոդներ կիրառելու կոչերը։ Այդ կոչերը հիմնականում հնչում են ավագ սերնդի մարդկանցից, որոնք որոշակի փորձ ունեն ԽՍՀՄ տարիներին ադմինիստրատիվ աշխատանքում, և «հենց որոնք էլ փլուզեցին այն»։
Եվրոպայի գազի մասին. «Խնդրեմ. սափրվեք, վերցրեք»
«Չէ՞ որ մենք ասել ենք, ուզում եմ կրկնել. երկարաժամկետ պայմանագրերը պետք չէ ոչնչացնել։ Ո՛չ, պնդում էր Եվրահանձնաժողովը, պետք է շուկայական հարաբերությունների անցում կատարել, շուկան կկարգավորի։ Ահա և կարգավորվեց` հազար խմ–ի դիմաց 2 հազար դոլարից ավել։ Խնդրեմ. սափրվեք, վերցրեք»։
Գազի սակագնի բարձրացման հետ կապված «Գազպրոմի» հասցեին Արևմուտքի մեղադրանքների մասին ՌԴ նախագահն ասաց. «Այստեղ ճշմարտություն չկա, այստեղ պարզապես կրկին ոտքից գլուխ ամեն ինչ շուռ տալու փորձ է արվում։ Ստում են անդադար, ստվեր են գցում»։
Քաղաքականությունից դուրս. Ձմեռ պապի մասին, և ոչ միայն
Պուտինը թույլ տվեց լրագրողներին բղավել իր մամուլի ասուլիսի ժամանակ, թեև մամուլի քարտուղարն իսկզբանե սահմանել էր «շրջանակները»։
ՌԴ նախագահի ուշադրությունն իրենց վրա գրավելու համար լրագրողները տարբեր հնարքների էին դիմում։
Ամենազվարճալի հարցը հնչեցրեց Վոլոգոդսկի մարզից մի լրագրող. նա պատմեց Սանկտ Պետերբուրգից մի իրավաբանի մասին, որը դատի էր տվել Ձմեռ պապին այն պատճառով, որ վերջինս արդեն 23 տարի է՝ իր ցանկությունը չի կատարում։ Պուտինը հայտարարեց, որ կարող է Ձմեռ պապի շահերը ներկայացնել դատարանում որպես փաստաբան։
«Ես էլ իրավաբան եմ Սանկտ Պետերբուրգից, որոշակի համընկնում կա մեզ մոտ... Կարող եմ հանդես գալ որպես Ձմեռ պապի փաստաբան և հայցորդին հիշեցնել, որ Ձմեռ պապը նվերներ է նվիրում և կատարում է միայն լավ աղջիկների ու տղաների ցանկությունները։ Թող նա վերլուծի իր պահվածքը և գտնի այն, ինչը Ձմեռ պապին խանգարում է ամանորյա տոներին նրան նվերներ նվիրել։ Դա պաշտպանության հիմնական գիծը կլինի», – ասել է նախագահը։
Պուտինն անեկդոտով է պատասխանել այն հարցին, թե ինչու վարչապետ Միխայիլ Միշուստինին իր հետ տայգա չի տանում։ Ինչպես հայտնի է, Պուտինը նախընտրում է հանգիստն անցկացնել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։
Պուտինի և Պեսկովի զվարճալի երկխոսությունը չինական ԶԼՄ–ների մասին.
Պուտին. Դմիտրի Սերգեևիչ, կարելի է ես։ Չինաստան, խնդրեմ։
Պուտին. Չգիտեմ, Չինաստան։
Պեսկով. Սինհուա (Պուտինը նկատի ուներ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը)։
Պուտին. Ներեցեք (CGTN), ձեզ խոսք չեն տալիս, բյուրոկրատիա։