Ի՞նչ է ակնկալում ՌԴ-ն Սոչիի եռակողմ հանդիպումից
Ռուսական կողմը հույս ունի, որ ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների Սոչիում կայանալիք հանդիպմանը կհաջողվի ուրվագծել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման հեռանկարային ուղղությունները։ Այս մասին ՏԱՍՍ–ին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Մենք, ինչպես և բոլոր մարդիկ, որոնք ապրում են այդ երկու երկրներում, Ռուսաստանում, Հարավային Կովկասի տարածաշրջանում, ակնկալում ենք, որ հնարավորինս շուտ տարածաշրջանում երկար սպասված խաղաղություն ու կայունություն հաստատվի», – նշել է նա։
«Հանդիպումն ընդհանուր առմամբ միտված է նախորդ տարվա նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո որոշակի արդյունքների ամփոփմանը, պետք է տեսնել, ինչ է արված և ինչ կարելի է անել հետագայում խաղաղ գործընթացն առաջ տանելու համար, ինչպես խթանել երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն ընդհանուր առմամբ։
Հույս ունենք, որ այս հանդիպման ժամանակ համաձայնագիրը ստորագրած երեք երկրների առաջնորդները կնշեն հեռանկարային այս ուղղությունները», – ասել է Ռուդենկոն` պատասխանելով այն հարցին, թե ինչ է ակնկալում Մոսկվան Սոչիում կայանալիք ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ առաջնորդներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից։
Ռուդենկոն նաև հայտարարեց՝ Ռուսաստանը հույս ունի, որ Անդրկովկասի գծով «3+3» ձևաչափով հանդիպման անցկացումը «ոչ երկարատև հեռանկարի» հարց է։
«Դեռ այդ հարցերը մշակվում են, պետք է ստանալ բոլոր մասնակիցների համաձայնությունը։ Երբ այդ համաձայնությունը ձեռք բերվի, կհայտարարենք, թե որտեղ դա կկայանա։ Հույս ունենք, որ դա երկարատև հեռանկարի հարց չէ»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ այսօր Սոչիում նախատեսված է Հայաստանի վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը։
Տեղի է ունենալու նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը։
Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հանդիպել նաև դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։