Հուսով ենք՝ ճանապարհն այսօր կբացվի, բայց պետք է հասկանալ, որ նման ահաբեկչական գործողությունները շարունակական են լինելու. Բաբայան

Հուսով ենք, որ այսօր Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը կբացվի, Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են։

«Բայց պետք է հասկանալ, որ նման ահաբեկչական գործողությունները շարունակական են լինելու. ըստ երևույթին՝ այդպես է լինելու», - ասաց Բաբայանը։

Հարցին, թե ինչպես է գնահատում ռուս խաղաղապահների գործողությունները՝ Դավիթ Բաբայանն արձագանքեց.

«Պետք է լինենք օբյեկտիվ. եթե չլիներ ռուս խաղաղապահ առաքելությունը՝ Արցախը վաղուց կործանված էր։ Մյուս կողմից՝ տեսնում ենք, որ խաղաղապահ առաքելության ներուժը, որն ուղիղ ածանցյալ է մանդատից, պետք է ավելանա։ Այդ թեմայով մեր առաջարկները հնչեցրել ենք տարբեր ատյաններում»։

Բաբայանն ասաց նաև, որ Արցախը երբեք չի համաձայնվի, որպեսզի Ադրբեջանը Լաչինի անցակետում մաքսակետ դնի, քանի որ, ըստ Բաբայանի,  այն կվերածի երկիրը բանտի։