Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հունաստանի խորհրդարանական պատվիրակությունը սեպտեմբերի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը հյուրերին ներկայացրել է Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի պատմությունը:
Հունաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:
Նրանք շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: