Հռոմի նախագահական պալատի վրա հայկական դրոշ է ծածանվում
Մեկնարկել է ՀՀ նախագահի պետական այցը Իտալիա: Արմեն Սարգսյանը մի շարք հանդիպումներ է ծրագրել։
Հռոմի Քվիրինալյան պալատի վրա բարձրացվել է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը: Դա կապված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պետական այցի հետ։ Տեղեկությունը Հռոմից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Սերջո Մատարելլան դիմավորել է ՀՀ նախագահին պալատի մուտքի մոտ, սակայն համավարակի պատճառով նախագահները չեն սեղմել միմյանց ձեռքերը։ Հնչել են Իտալիայի և Հայաստանի օրհներգերը, հայկական եռագույնը բարձրացվել է պալատի վրա։ Այնուհետև պատվո պահակախումբը հանդիսավոր քայլերթ է արել ու ազդարարել ՀՀ նախագահի պետական այցի մեկնարկը:
Վերջին 30 տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի նախագահը պետական այց է կատարում Իտալիա։ Նախատեսված են հանդիպումներ Սենատի ղեկավար Մարիա Էլիզաբետա Կազելատիի, Պատգամավորների պալատի ղեկավար Ռոբերտո Ֆիկոյի, Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջիի հետ:
ՀՀ նախագահը կայցելի նաև «Լևոնյան» վարժարան, որտեղ հանդիպում կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Սարգսյանին ուղեկցում են ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: