Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնն այս
տարի տոնում է հիմնադրման 90-ամայկը: Հոբելյանի առթիվ թատրոնը հանդես կգա առաջնախաղերով,
առցանց նախագծերով և իր պատմությունը կհանրահռչակի բացառիկ նմուշների ցուցադրությամբ:
Զրույցում թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Փելեշյանն
ասաց՝ երկար ժամանակ ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն աշխատում է Դերենիկ Դեմիրճյանի
«Երկիր հայրենի» դրամայի բեմադրման վրա: Փորձերն ընթանում են, և ներկայացումը բեմ կբարձրանա
աշնանը՝ բացելով թատրոնի 90-րդ թատերաշրջանը: «Սա դասական ստեղծագործություն է: Կարծում
եմ՝ հատկապես մեր օրերում այն շատ անհրաժեշտ է և արդիական ուղերձներ ունի: Ներկայացման
մեջ զբաղված են թատրոնի գրեթե բոլոր տղամարդ դերասանները և երեք դերասանուհի, ընդգրկվել
է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան Վարդան Գևորգյանը,
որը մարմնավորելու է Գագիկ թագավորին»,- նշեց Փելեշյանը: Ներկայացումը ֆինանսավորել
է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Թատրոնը հոբելյանի առթիվ նաև այլ նախաձեռնություններ կիրականացնի
նախարարության հետ համատեղ։ Հոբելյանական է նաև Վինա Դելմարի «Հիշի՛ր վաղվա օրը» ներկայացումը,
որի բեմադրիչը Նունե Խեչումյանն է: Այն նվիրվում է արտիստուհի Ռոզա Մխիթարյանի 90-ամյակին:
Այս բեմադրությունը ևս աշնանը կհանձնեն հանդիսատեսի դատին: Գլխավոր դերակատարներն են
ՀՀ ժողովրդական արտիստուհի Ռոզա Մխիթարյանը և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամայիս
Սարգսյանը: Ներկայացման մեջ զբաղված են թատրոնի թե՛ երիտասարդ, թե՛ միջին սերնդի դերասանները:
«Հոկտեմբերին թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երևանում՝ Կ. Ս. Ստանիսլավսկու անվան
ռուսական դրամատիկական թատրոնում: Կխաղանք Հովհաննես Թումանյանի «Անուշը», որի բեմադրիչը
Վահե Շահվերդյանն է, «Երկիր հայրենի», «Հիշիր վաղվա օրը» և «Ընթրիք հիմարի հետ» ներկայացումները»,-տեղեկացրեց
Փելեշյանը: Անդրադառնալով բացօթյա ներկայացումներին՝ թատրոնի լրատվության և հասարակայնության
հետ կապերի պատասխանատուն շեշտեց, որ մեկնարկը տվել են դեռ հունիսին՝ Ստեփան Զորյանի
տուն-թանգարանի խնձորի այգում ներկայացնելով «Խնձորի այգին» բեմադրությունը, որի ռեժիսորը
Շահվերդյանն է: Հուլիսին նույնպես խաղալու են այն: «Մենք առաջին թատրոնն էինք, որը
համավարակի տարածման ընթացքում բացօթյա բեմ պատրաստեցինք և մանկական ներկայացումներ
ձեռնարկեցինք այդ հարթակում: Այս ամառ այդ ավանդույթը շարունակելու ենք: Կարևորում
եմ նաև առցանց ծրագրերը. թատրոնի «Ֆեյսբուք»-ի էջով և YouTube-ի ալիքով ցուցադրվում
է «Թատրոնն էկրանին» նախագծի ֆիլմերի շարքը: 90-ամյակին ընդառաջ 15 ֆիլմ կհրապարակվի:
Սեպտեմբերից նաև տոմսերի օնլայն վաճառք կլինի»,- նշեց նա: Նախատեսվում է նորոգել թատրոնի
ճեմասրահը, որտեղ կցուցադրվեն թատրոնի պատմությունը ներկայացնող արխիվային նյութեր,
հագուստներ, որոնք այժմ չեն օգտագործվում, սակայն ժամանակին կրել են ականավոր դերասանները
և այլ արժեքավոր ցուցանմուշներ: Գոռ Փելեշյանի խոսքով՝ թատրոնի ամբողջ անձնակազմը երազում
է, որ թատրոնի շենքն ամբողջովին վերանորոգվի և նոր շնչով ընդունի հանդիսատեսին: