Արցախի նախկին պետնախարար, ներկայում Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ: Այդ մասին հայտարարություն է տարածել Վարդանյանի ընտանիքը։
«Ավելի քան երկու շաբաթ առանց որևէ շփման իրավունքի գտնվելով մեկուսացման մեջ՝ Ռուբեն Վարդանյանին առաջին անգամ թույլատրվել է կապ հաստատել ընտանիքի հետ։ Դա տեղի է ունեցել հրատապ կոչով միջազգային հանրությանը դիմելուց և Ռուբեն Վարդանյանի կողմից հացադուլ սկսելու մասին հայտնելուց հետո»,- ասված է հայտարարությունում:
Վարդանյանը հայտնել է, որ այս ամբողջ ընթացքում լրիվ մեկուսացած է եղել, անգամ կարդալու հնարավություն չի ունեցել: Ընտանիքի անդամների տեղեկություններով՝ բանտում միայն նրա ճնշումն են չափում։
Հարազատների հետ զրույցի վերջում Վարդանյանն ասել է. «Ես հիմա առավել քան երբևէ համոզված եմ, որ արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը»:
«Մենք պահանջում ենք, որ Ադրբեջանի իշխանություններն անհապաղ թույլ տան Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին այցելել նրան, քանի որ դա հացադուլի ընթացքում նրա առողջական վիճակի մասին օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու և նրան անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու միակ միջոցն է։
Բացի այդ, մենք կրկնում ենք Ռուբենի պահանջը՝ Ադրբեջանի կողմից հայ քաղբանտարկյալներին անհապաղ և անվերապահ ազատ արձակելու վերաբերյալ։