ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետը՝ բանակի ամրապնդմանն անհրաժեշտ բարեփոխումների մասին

Հայաստանի բանակը, որը մենք ստեղծել էինք, կործանել են։ Անհրաժեշտ է մշակել նոր ռազմական քաղաքականություն, նոր դոկտրին, զբաղվել զինված ուժերի վերահագեցմամբ, լիովին փոխել Զինված ուժերի կառուցվածքը, պատրաստման համակարգը՝ հաշվի առնելով այն, որ Թուրքիան կարող է հարձակվել։ Սա վիթխարի աշխատանք է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։

«Հայաստանի՝ այդ թվում նաեւ իմ մասնակցությամբ ստեղծված Զինված ուժերը 30 տարի ապահովում էին երկրի անվտանգությունը։ Մենք առաջին պատերազմում հաղթեցինք եւ թույլ չտվեցինք, որ Ղարաբաղը, Սյունիքը գրավեն, միանան Նախիջեւանի հետ եւ հետո էլ արշավեն դեպի Երեւան։

Մինչեւ 44-օրյա պատերազմը սպաներին հանել էին պաշտոններից, իսկ մնացածներին արժանի աշխատավարձ չեն տալիս, ինչը կոտրում է մարդկանց բանակ գնալու մոտիվացիան, չկա նրանց հանդեպ պատշաճ վերաբերմունք։ Վարչապետի խորհրդական են նշանակում Վաղարշակ Հարությունյանին, որը ռազմագիտություն չգիտի։ Ինչի՞ համար կանչեցին կամավորականներին։ Հայաստանն ուներ երկրի զորահավաքի անցկացման, Զինված ուժերի՝ խաղաղ ժամանակներից ռազմականի անցման պլան (իմ մասնակցությամբ կազմված)։ Ղարաբաղ պետք էր ուղարկել տասնյակ հազարավոր մարդկանց։ Կամավորականները հայրենասերներ են, բայց դա ճիշտ չէ, այնտեղ պետք է լիներ անձնակազմը։ Զորահավաքի աշխատանքի պատասխանատուն գերագույն գլխավոր հրամանատարն է։

Ադրբեջանը պատերազմից առաջ զորավարժություններ անցկացրեց Նախիջեւանում, կատարեց զորահավաքի ամբողջ աշխատանքը։ Ալիեւը անընդհատ ադրբեջանցիներին հայերի դեմ պատերազմի էր պատրաստում՝ ատելություն սերմանելով։

Ինչո՞ւ գնվեցին արագընթաց կործանիչներ (Су-30СМ), այն էլ՝ առանց հրթիռների։ Դրանք նախատեսված են օդային մարտ վարելու համար, իսկ Հայաստանի օդային տարածքը թույլ չի տալիս այդ ինքնաթիռներին մարտական առաջադրանք կատարել, քանի որ կա այլ երկրների սահմանը խախտելու վտանգ։ Դրա փոխարեն պետք էր գնել Су-25 մարտական ուղղաթիռներ, որոնք կիրառվել են Աֆղանստանում։ Ես հուշում էի, բայց Հայաստանի ՊՆ-ում նստած էին մեծամիտ մարդիկ, նրանք անգամ չէին ցանկանում լսել ինձ։ Եթե ես կարողանայի այնտեղ մտնել, կխորտակեի նրանց պլանները։

Բացի այդ, պետք է գնել հեռահար միջոցներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, անօդաչուներ, ՀՕՊ ուժեղագույն համակարգեր, անօդաչուների դեմ պայքարի միջոցներ՝ ՌԷՊ-ի ժամանակակից միջոցներ։

Ղարաբաղի Պաշտպանության բանակը պայքարում էր հակառակորդի ԱԹՍ-ների դեմ՝ առանց որեւէ հատուկ միջոցի, պաշտպանությունը ստացիոնար էր, չնայած պետք է լիներ շարժական, տանկի նախորդ գտնվելու վայրում պետք է կանգներ փչովի անալոգը, Զանգելանի ուղղությամբ պետք է լինեին հակատանկային խրամատներ, կառավարվող ականադաշտեր։ Այս ամենն արված չէր։ Ոչ մի քողարկում չկար, ինժեներական զորքերի պետին դրա համար պետք է պատժել։ Նա կամ անգործության էր մատնված, կամ նման ցուցում էին տվել նրան։ Չի կարելի թույլ տալ, որ սմարթֆոններ եւ բջջային հեռախոսներ լինեն ճակատի գծում, քանի որ դրանք հակառակորդին ցույց էին տալիս թիրախի տեղը։

Եթե ասում են, թե զենքը վատն էր, ապա ինչպե՞ս էին մեր զինվորները 44 օր կռվում եւ հակադարձում Թուրքիայի, Ադրբեջանի, Պակիստանի, Իսրայելի եւ մոտ երեք հազար իսլամիստների զինված ագրեսիային։ Չի կարելի դատարկ խոսել եւ վիրավորել։

Ձեզ ճնշեցին հենց հրետանով՝ այն կիրառելով որքան հնարավոր է շատ մարդկանց կործանելու նպատակով, դրա համար էլ խփում էին բնակավայրերին։

Իսկ մերոնք ստացիոնար նստած էին, փոխգործակցությունը եւ կառավարումը խիստ վատ մակարդակի էին։ Երեւանից մի հրաման էին տալիս, Ղարաբաղից՝ ուրիշ։ Պատերազմի ժամանակ ազատում են սպաների, քանդում շտաբը՝ բանակի ուղեղը»,- նշել է Տեր-Գրիգորյանցը։