Հայաստանում ժամանակավորապես բնակվող ղարաբաղցիներին սոցիալական աջակցության համար 11.6 մլրդ դրամ է հատկացվել։ Այս մասին Ազգային ժողովում հունիսի 3-ին մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2021 թ. պետբյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Հայաստանում ժամանակավորապես բնակվող ղարաբաղցիներն աջակցություն են ստացել ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար, բացառությամբ աշխատունակ տղամարդկանց։ «Բացի այդ, վերահսկվող եւ չվերահսկվող տարածքներում իրենց տները կորցրած Ղարաբաղի բնակիչներին միանվագ նպաստ է հատկացվել՝ համապատասխանաբար 1.55 միլիարդ եւ 2.1 միլիարդ դրամի չափով։ Ընդ որում, Ղարաբաղի բնակիչներին իրենց բնակարաններում եւ տներում փախստականներին ընդունած ընտանիքներին հատկացվել է ընդհանուր 258 մլն դրամ»,- ասաց Մկրտչյանը։
Բացի այդ, ըստ նրա, ՀՀ Սյունիքի մարզի ձեռնարկություններին, մասնավորապես՝ այն հյուրանոցներին, որտեղ Ղարաբաղից փախստականներ են տեղավորվել, հատկացվել է ընդհանուր 172 մլն դրամ։
Տարվա ընթացքում ղարաբաղցիները բնակարան ձեռք բերելու համար լրացուցիչ 5.4 մլրդ դրամի օգնություն են ստացել:
Բացի այդ, ինչպես նշեց նախարարը, շարունակվում են Հայաստանի տարբեր ձեռնարկություններում ժամանակավորապես աշխատող ղարաբաղցիների աջակցության ծրագրերը: Ընդհանուր առմամբ հատկացվել է 181.5 մլն դրամ։ Ծրագիրը հայտերի պակասի պատճառով կատարվել է շուրջ 50 տոկոսով, սակայն շարունակվելու է։