Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։
Փոխվարչապետը ողջունել է հայ-շվեդական երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան և բարձր գնահատել Շվեդիայի կառավարության՝ Հայաստանի բարեփոխումների օրակարգին նպաստելու շահագրգռվածությունն ու 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերած աջակցությունը։
Դեսպան Սվենսոնն իր հերթին կարևորել է Հայաստանի հետ գործընկերությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը շեշտել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը ու համակարծիք եղել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսումը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո։
Զրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացներին, տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերին։
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը կարևորել է շվեդական ընկերությունների ներկայությունը հայաստանյան տնտեսությունում, մասնավորապես՝ ճանապարհային ենթակառուցվածքների կառուցման գործընթացներում։