ՀՀ–ն ու Իրանը «Պարսից ծոց–Սև ծով» նախաձեռնության մասին համաձայնագիր կստորագրեն. Միրզոյան

Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները երևանյան հանդիպման ընթացքում քննարկել են նաև տարածաշրջանային տրանսպորտային այլ միջանցքներին վերաբերող հարցեր։

Հայաստանն ու Իրանն առաջիկայում նախատեսում են ստորագրել «Պարսից ծոց–Սև ծով» նախաձեռնության վերաբերյալ համաձայնագիր։ Այս մասին այսօր Երևանում Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք իրանական կողմի հետ երեկ ենք քննարկել այս հարցը, և կարող եմ ասել, որ այս համաձայնագրի առումով իրադարձությունները բավականին արագ են զարգանում, և հուսամ` մոտ ապագայում արդեն կունենանք ստորագրված համաձայնագիր այդ ծրագրի շուրջ»։ Արարատ Միրզոյան ՀՀ արտգործնախարար 


ՀՀ և Հնդկաստանի արտաքին դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները նաև հայտնեցին, որ երևանյան հանդիպումների ընթացքում քննարկել են նաև տարածաշրջանային այլ տրանսպորտային միջանցքներին վերաբերող հարցեր։

«Մենք, բնականաբար, անդրադարձել ենք մեծ տարածաշրջանում ենթակառուցվածքների հարցին։ Դա վերաբերում է ինչպես «Հյուսիս–հարավ» տրանսպորտային միջանցքին, քննարկել ենք «Չաբահար» նավահանգստի շուրջ ընթացող վերջին դրական զարգացումները, Հայաստանի ու Հնդկաստանի միջև ճանապարհային ուղիղ հաղորդակցության հաստատման խնդիրը, ինչպես նաև Հայաստանից դեպի հյուսիս` Վրաստանով Ռուսաստան ու գուցե նաև դեպի Սև ծով տրանսպորտային հետագա տարանցումների հարցը»։

Սուբրամանյամ Ջայշանկարն էլ շեշտեց, որ տարածաշրջանային տրանսպորտային ուղիներում Հայաստանի մասնակցությունը էլ ավելի մեծ հնարավորություններ կբացի դրանց այլ մասնակիցների համար։

Նշենք, որ Չաբահարն Իրանի ամենամեծ նավահանգիստն է: Այն ռազմավարական կետ է Ասիայից դեպի Եվրոպա տարանցման համար: Նավահանգիստն ունի տարեկան շուրջ 8,5 միլիոն տոննա բեռնափոխադրման հզորություն. այնտեղ կարող են կայանել մինչև 100 000 տոննա բեռ ունեցող օվկիանոսային նավեր: Չաբահարում նախատեսվում է նաև միջազգային օդանավակայան բացել:
Նավահանգիստը կառավարվում է Հնդկաստանի ֆինանսական ներդրումների հաշվին։ Իրանի և Հնդկաստանի միջև կնքված պայմանագրով այս նավահանգստի շահագործումը 10 տարի ժամկետով տրվել է վարձակալության Հնդկաստանին և թույլ է տալիս ապրանքների տարանցումը կատարել Իրանից Աֆղանստան և Կենտրոնական Ասիայի երկրներ՝ շրջանցելով Պակիստանը:

 Դեռևս 2021 թվականի մարտին Իրանում Հնդկաստանի դեսպանը հայտարարել էր, որ Հայաստանը ցանկություն ունի ներառվել Չաբահար նավահանգստով անցնող «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքում։ Աֆղանստանում իշխանափոխությունից հետո փորձագետները մտավախություն հայտնեցին, որ Իրանում Չաբահար նավահանգստի զարգացման խոշոր նախագիծը, որին մաս պիտի կամեր նաև Աֆղանստանը, կարող է մնալ թղթի վրա: Հայաստան