ՀՀ ՄԻՊ–ն ու ՄԱԿ-ի ներկայացուցիչը քննարկել են Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցը
Անդրադարձ է կատարվել նաև ոստիկանության համակարգի բարեփոխումների ընթացքին, ազատությունից զրկելու հարցերում խնդիրներին, մարդու սահմանադրական իրավունքների պաշտպանության հարցերին։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցիչ Նատիա Նածվլիշվիլին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։
Առանձին անդրադարձ է կատարվել ադրբեջանական իշխանությունների կողմից անօրինական պահվող հայ գերիների վերադարձին, նրանց նկատմամբ վերաբերմունքին, գերությունից նրանց վերադարձն արհեստական ձգձգելու հարցերին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2 կառույցի համար աշխատանքի առաջնահերթությունները` ոստիկանության համակարգի բարեփոխումների ընթացքը, ազատությունից զրկելու հարցերում խնդիրները, մարդու սահմանադրական իրավունքների պաշտպանության հարցերը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դերն այդ բոլոր հարցերում և այլն:

Պաշտպանը բարձր է գնահատել համագործակցությունը ՄԱԿ-ի, մասնավորապես՝ UNDP-ի, UNICEF-ի, UNFPA-ի, UNHCR-ի և մյուս կառույցների հետ:
Արման Թաթոյանը շեշտել է նաև ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումների փաստը, որոնք տեղի են ունենում հայկական գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ծառայողների անօրինական տեղակայումների ու արարքների հետևանքով։