Մանուկների համար ստեղծագործելը պատասխանատու աշխատանք է։
Այդ մեծ գործը ստանձնել է ժամանակակից հեքիաթագիր Աղավնի Գրիգորյանը։
1. Հե՞շտ է գրել մանուկների
համար։ Ի՞նչ հմտություններ են հարկավոր։
Մանուկների համար գրելը հետաքրքիր
է շատ, նաև պատասխանատու: Նախ, պիտի քո միջի երեխային մոռացած չլինես, նրա սրտխփոցն
ու թրթիռը քեզ օտարացած չլինեն, նաև պատկերացում ունենաս այսօրվա երեխայի աշխարհընկալումից,
հետաքրքրություններից: Ինձ օգնում է մշտական շփումը երեխաների հետ, մանկավարժական աշխատանքը,
որ արդեն շուրջ երեք տասնամյակ շարունակվում է:
2. Հեքիաթը հրաշքների ամբողջության
մասին է։ Ստացվո՞ւմ է բառերով ստեղծել եւ ապա ընթերցողին փոխանցել այդ զորությունը։
Հեքիաթ, նաև արձակ պատմվածքներ
գրելու ընթացքում, ինչպես շատ ստեղծագործողներ, ես էլ ապրում եմ հերոսներիս հետ, հերոսներիս
պես քայլում, խոսում, նմանակում են նրանց շարժումները կամ կատակում նրանց բառերով:
Երբեմն, նախապես գլխումդ ծնված կերպարը այնքան
է միս ու արյուն առնում, որ ստիպված ես լինում հաշվի նստել հետը, անգամ փոխել քո նախնական
պատկերացումներն իր բնավորության մասին, այնպես, որ ինքդ էլ զարմանում ես զարգացումների
անկանխատեսելի ընթացքից:
Չեմ սիրում փայլփլուն կամ ճռճռան փաթեթավորմամբ հրամցնել մտքերս, բայց հաճախ նպատակային օգտագործում եմ ոչ շատ պարզ, գուցե երեխա ընթերցողին անծանոթ, նոր բառեր: Կարծում եմ, երեխան պիտի փնտրի, գտնի, սովորի թեկուզ մեկ նոր բառ, արտահայտություն ամեն նոր ստեղծագործություն կարդալիս՝ լինի հեքիաթ, վիպակ, թե առակ: Հեքիաթներս նաև ուղղված են երեխա-ծնող համատեղ ընթերցանությանը: Առհասարակ, հեքիաթը չունի տարիքային հստակ սահմաններ, հետաքրիր է ու անհրաժեշտ ոչ միայն փոքրերին, այլ նաև մեծերին:
3. Հեքիաթ գրելիս գրողը սահմանափակումների
մեջ հայտնվո՞ւմ է՝ կախված ժանրային
առանձնահատկություններից։
Հեքիաթն ամենաազատ ստեղծագործական տարածքն է ինձ
համար: Իմ աշխարհն է, ուր ժամանակն արագանում կամ դանդաղում է ինչքան ուզեմ, իսկ հերոսներս
հաստատ չեն վախենում անձրևի տակ թրջվելուց:
Հեքիաթ անվանումը հաճախ պայմանական է, դրանք պատմվածք-հեքիաթներ
են, որտեղ խոսում են բնության լեզվով, սովորում են զգալ ու ճանաչել բնությունը: Հերոսներս շատ իրական են՝ իրենց երազանքներով, թերություններով,
իրենց նվիրվածությամբ կամ խենթություններով: Ամենափոքիկ Բալից սկսած մինչև Լուսինն
ու Քամին սիրում են կյանքը և բացատայտում են աշխարհը՝ անսպասելի հարցադրումներով ու
պեպենոտ ժպիտով:
4. Հիմնականում ովքե՞ր են քո
հեքիաթի հերոսները։
Հերոսներիս կարող եք հանդիպել ամեն քայլի՝ առօրյա կյանքում: Նրանք էլ թեյ կամ կաթով սուրճ են խմում նախաճաշին, վազում են դպրոց, իսկ հետո շտապում օգնել դաշտային ծաղիկներին, զրուցում են իմաստուն ճնճղուկի հետ, սովորում բազմապատկման աղյուսակն ու երբեմն՝ մրսում անտարբերությունից: Խիզախում են փոքրիկ աստղերի հետ ու լուսավորում անտառի կածանները նրա փոքրիկ բնակիչների համար: Հերոսներս բարի են, երազող, իսկ երազը անեզր է, իսկ երազը բազմագույն է…
5. Եւ ինչո՞ւ հենց հեքիաթ...
Հեքիաթը մեծ խորհուրդ ունի. տեսանելի ու շոշափելի է դարձնում ԲԱՐԻՆ, որ կա աշխարհում, որ շրջապատում է մեզ ու այնքա՜ն անհրաժեշտ է:
Զրույցը վարեց Արմինե Բոյաջյանը
Աղավնի Գրիգորյանի հեքիաթներից մեկը կարող եք կարդալ այս հղմամբ՝ hasker.am
Օգտագործված լուսանկարը՝ Դավիթ Համբարձումյանի