Հայտնի է` ով է «Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիներ» ընկերության գործադիր տնօրենը
Նորանշանակ գործադիր տնօրենն ունի բիզնես ծրագրերի խթանման հարուստ փորձ մի շարք երկրներում։
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և «Էյր Արաբիա» ընկերության համատեղ «Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը (Fly Arna) հայտնում է, որ գլխավոր գործադիր տնօրեն է նշանակվել Էնթոնի Փրայսը։
Ըստ հաղորդագրության` նա ավիացիոն և զբոսաշրջության ոլորտում ունի ավելի քան 20 տարվա փորձ և ղեկավար պաշտոններ է զբաղեցրել «British Airways»-ում, «Air New Zealand»-ում, «FlyBMI»-ում։
Վերջին տարիներին Փրայսն աշխատել է որպես թռիչքների մատակարարման ռազմավարության ղեկավար «Agoda» ընկերությունում, որը «Booking.com» ապրանքանիշի մաս է։ Եղել է նաև «Էյր Արաբիա» ընկերության` Եվրոպայի տարածաշրջանային գլխավոր տնօրենը:
Նորանշանակ գործադիր տնօրենն ունի բիզնես ծրագրերի խթանման հարուստ փորձ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Նոր Զելանդիայում, Թաիլանդում, Հյուսիսային Աֆրիկայում և Եվրոպայում:

«Հիմնվելով նախորդ պաշտոններից ձեռք բերված գիտելիքների և փորձի վրա՝ Էնթոնի Փրայսը սերտորեն կաշխատի բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ ապահովելով ընկերության զարգացումը և ստեղծելով կայուն արժեք հաճախորդների ու բաժնետերերի համար»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ավիաընկերության բազան լինելու է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։ Ավիաընկերությունը գործելու է «Էյր Արաբիա» ընկերության բյուջետային բիզնես մոդելին համահունչ, որն առաջարկում է ցածր գնի դիմաց հարմարավետություն և հուսալիություն:
Հիշեցնենք, որ Հայաստանի նոր ազգային ավիաընկերության գործարկման համաձայնագրի մասին ԱՆԻՖ-ը և «Էյր Արաբիան» հայտարարել էին 2021 թվականի հուլիսին:
Հունվարի 21-ին հայտնի դարձավ, որ ավիաընկերությունում տնօրենների խորհրդի նախագահ ու անդամներ են նշանակվել։
Ընկերության տնօրենների խորհուրդը բաղկացած է 5 անդամից՝ Դավիթ Փափազյան՝ ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն, էդուարդ Մկրտչյան՝ ԱՆԻՖ-ի գործառնական տնօրեն, Ադել Ալի՝ Էյր Արաբիա ընկերության գլխավոր գործադիր տնօրեն, Հուսամ Ռայդան` Էյր Արաբիա ընկերության տնօրեն, Նիկո Բուշհոլց` փորձագետ, անկախ անդամ։ Նրանցից յուրաքանչյուրը նշանակվել է 3 տարի ժամկետով։